Կառավարության որոշել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին: 2010 թ. ստեղծված ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից:
Ընկերության կողմից գեներացնող ճառագայթման աղբյուրի օգտագործման միջոցով իրականացվում է ռադիոիզոտոպների արտադրություն և դրանց կիրառմամբ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ և ռադիոնուկլիդային հետազոտությունների կատարում: Ընկերությունն իր հիմնական գործառույթներով ներկա պահին միակն է ՀՀ առողջապահական բնագավառում, իսկ արտադրության գործառույթներով՝ միակը տարածաշրջանում։ Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 900 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա հետազոտություն: Կենտրոնն իր գործունեության սկզբից ի վեր սերտ համագործակցում է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ: Վերակազմակերպումը կնպաստի ուռուցքաբանական ծառայության բարելավմանը և շարունակական զարգացմանը։
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով առողջապահական օբյեկտների կառուցման, վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար ֆինանսական միջոցների հատկացում ըստ շինարարական օբյեկտների: Մասնավորապես՝ Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և բժշկական կահույքով հագեցում, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի թվով 16 բնակավայրերի բնակիչների համար ապահովել բարձրորակ հասանելի և մատչելի բժշկական ծառայությունների մատուցում: «Արմավիր» ԲԿ-ի բժշկական սարքավորումների համար ֆինանսական միջոցների հատկացումն անհրաժեշտ է որպեսզի բժշկական հաստատությունների շահագործման հանձնման ժամանակ ապահովվի ծառայությունների լիարժեք մատուցումը: