Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ մեկնարկել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Տնտեսական կառավարման, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետության» ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի շրջանակում մշակվել է պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների գնահատման ուղեցույց, որի պրակտիկ կիրարկման նպատակով հունիսի 13-16-ն անցկացվել է առցանց աշխատաժողով:
ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը նշել է, որ ՀԲ թիմի հետ համագործակցությամբ ծրագրի առաջին փուլում նույնպես դրական արդյունքներ են արձանագրվել. ներդրվել են պետական օժանդակության վերահսկողության նոր մեխանիզմներ, ունենք համապարփակ օրենսդրություն և կարգավորումներ:
Երկրորդ փուլի թիրախում պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողություններն են, որոնք վերջին տարիներին մշտապես գտնվել են ՄՊՀ ուշադրության կենտրոնում. 2019-2023 թվականների ընթացքում բացահայտվել և պատասխանատվության միջոցներ են կիրառվել 15 դեպքի առնչությամբ:
Աշխատաժողովն անցկացվել է հիպոթետիկ գործի քննարկման ձևաչափով, որի ընթացքում ՄՊՀ աշխատակիցներն ուսումնասիրել են խորհրդատուների ներկայացրած հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ կազմված դեպքը: