Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից, պատվիրակության կազմում էին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, տարբեր քաղաքների ղեկավարության անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, այլ պաշտոնյաներ։
Հանդիպմանը ներկա էին նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմի անդամները։
Ռոբերտ Ղուկասյանը ողջունեց պարոն Մասլովի հերթական այցը Սյունիք և, ի թիվս բարձրաձայնած այլ հարցերի, ուշադրություն հրավիրեց Սյունիքի սահմաններին հունիսի 15-ին գրանցված միջադեպի վրա․ «Կարծում եմ՝ երեկ տեղի ունեցածը, մասնավորապես Ադրբեջանի կողմից Կապանի տարածքին անօդաչուով հարվածելը, ուղղված էր հայ-ռուսական հարաբերություններին, որովհետև մարզում ՌԴ-ից այսպիսի մեծ պատվիրակության այցի պարագայում նման բան չպետք է տեղի ունենար․․․»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին կրթական, մշակութային, միջռեգիոնալ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը, Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու գործընթացին։
Անդրադարձ եղավ նաև ռուսաստանյան քաղաքների ու Սյունիքի համայնքների միջև քույր քաղաքների գործընկերության հիմնման հնարավորություններին։
Եվ հենց այսօր Մեղրի ու Գորիս համայնքները մարզպետարանում ռուսական քաղաքների հետ արձանագրություններ ստորագրեցին՝ բարեկամական կապեր հաստատելու մտադրությունների մասին։ Հետագայում արդեն մարզի համայնքներն առավել առարկայական կդարձնեն հարաբերությունները։
Հյուրերն ու Սյունիքի մարզպետն այսօր այցելեցին նաև Կապանի բժշկական կենտրոն, որին, ինչպես նաև Մեղրու և Քաջարանի ԲԿ-ներին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնը ծրագրային-ապարատային համալիրներ է տրամադրել։ Դրանք ձեռք են բերվել Զանգեզուրի ՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ։ Սարքը թույլ է տալիս 14 րոպեում ընդհանուր պատկերացում կազմել հիվանդի վիճակի մասին, ու նաև այն հիվանդությունների մասին, որոնք կարող են ծագել ապագայում:
Երկօրյա այցի ընթացքում ռուսական պատվիրակության մասնակցությամբ ու Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Կապանում՝ «Ռուսական գրքի տուն», Մեղրիում «Ռուսական կենտրոն» բացվեց։
Կենտրոնում, բացի ռուսաց լեզվի ուսուցումից, անցկացվում են լրացուցիչ դասընթացներ՝ ռոբոտաշինություն, ֆինանսական գրագիտություն, մուլտիմեդիա:
Իսկ Կապանի թիվ 7 հիմնական և Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցներում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ բացվեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հիմնելուն կրկին աջակցել է Զանգեզուրի ՊՄԿ-ն։ Կենտրոնների ու լաբորատորիաների բացումն ուղեկցվել է աշակերտների պատրաստած գեղարվեստկան համարներով։
Ռուսական պատվիրակության այցի մշակութային միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին Կապանի արվեստի պետական քոլեջում տեղի էր ունեցել համերգ՝ հայտնի երաժիշտներ Հիրոկո Ինոուենի (երգեհոն) և Վերոնիկա Կոժուխարովայի (սաքսոֆոն) մասնակցությամբ։