Հայկական հեռախոսահամարներին կեղծ հաղորդագրությունների ալիքը չի դադարում. տարբեր կազմակերպությունների անունից ուղարկվող հաղորդագրություններում քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով կոչ է արվում հետևել հրահանգին.
SMS - «Ձեր փաթեթը սպասում է առաքմանը, խնդրում ենք ձեզ ազատել մաքսային վճարներից` spasvogharrakum.com-ի միջոցով՝ այն ստանալու համար»:
Ապա ներկայացված է նաև հղումը, որը բացելու դեպքում բաժանորդը հայտնվում է իրականին նման կեղծ կայքում: Ծառայությունների առցանց գործարքները տարբեր են՝ պետական վճարումներից մինչև վարկի մարում.
Սամվել Մարտիրոսյան (Տեղեկատվական անվտանգության մասնագետ) - Ընդ որում, ոնց է դա արվում, միանգամից շատ մարդ է ստանում, պարզ է, որ, ենթադրենք, պարտք կամ տուգանք ունեցող` դրանց մեջ, ենթադրենք, 70 տոկոսը այդպիսին չեն, բայց իրենց դա չի հետաքրքրում, մեկ է այն 30 տոկոսն իրական տուգանք ունեն: Մարդիկ էլ, բնականաբար, սպասում են նման մի բանի, հենց որ տեսնում են, որ ստացել են նման կարճ հաղորդագրություն, միանգամից գնում են հղումով:
Դրա հետևանքով հաքերների մոտ են հայտնվում այդ թվում` նրանց բանկային քարտի տվյալները, որոնց միջոցով էլ նրանց հաջողվում է քարտից գումար հանել: Բացի այդ, մյուս անձնական տվյալներն էլ նրանք կարող են վաճառել այսպես կոչված «սև շուկայում», ինչի հետևանքով մարդիկ լրացուցիչ հարձակումների թիրախ կարող են դառնալ: Իսկ թե ովքեր են հանցագործները, մեդիափորձագետը պարզաբանում է.
Սամվել Մարտիրոսյան - Դա կարող է լինել ինչ-որ մի թիմ, որը նստած է Ղազախստանում, Ռուսաստանում, ուղղակի իրենք ոնց-որ բան են անում` լոկալիզացնում են, տեղայնացնում են, նայում են՝ կոնկրետ այդ երկրում ինչ տարածված ծառայություններ կան, ինչ-որ մի հայ են գտնում, որ տեքստերը իրենց համար թարգմանում է:
Հայկական մեդիատիրույթում այսօր առավել տարածված խարդախություններից է նաև սոցիալական ցանցերով հայտնի կազմակերպությունների կամ մարդկանց անուններից գովազդների տեղադրումը, երբ քաղաքացիներին շահագրգռում են գումար ներդնել, որի դիմաց խոստանում են մեծ շահույթ: Սկզբնական շրջանում իսկապես այդ գումարը փոխանցվում է, որից հետո, սակայն, գործի է դրվում խարդախության ամբողջ մեխանիզմը:
Սամվել Մարտիրոսյան - Սկսում է ավելի մեծ գումար տեղադրել, ներգրավում է իր ընկերերին, բարեկամներին, նրանք էլ ոգևորված մտնում են այդ ամեն ինչի մեջ, ու արդեն, բնականաբար, սկսում են պարտքով փող վերցնել, դնել, մարդ ինչ-որ տունը գրավ է դնում, ռեալ բաներ եմ ասում, մեքենան է վաճառում, էդ փողը դնում. իրենք փողը վերցնում, փախցնում են ու հետո ներկայացնում են, որ դուք ինչ-որ բան եք խախտել, ու ձեր հաշիվը սառեցվել է:
Մեդիափորձագետների անփոփոխ հորդորն է՝ պահպանել մեդիաանվտանգության նվազագույն կանոնները՝ երբեք չսեղմել անծանոթ հղումների վրա ու որևէ պարագայում չտրամադրել որևէ անձնական տվյալ:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան