Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 15-ին ընդունել է Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր և նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին և ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին:
Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին և կարևորել նրանց այցը Հայաստան:
Զրուցակիցները քննարկել են մեր երկրում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի և դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները: Այս համատեքստում հաշվի է առնվել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող հոսքը:
Հյուրերը նշել են, որ մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում մեծ է Հայաստանի տնտեսական գրավչությունը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Վերջինս խոսել է Հայաստանում հյուրանոցների ծանրաբեռնվածությունից, կարևորել ոլորտում ներդրումներ իրականացնելու հարցում հյուրերի հետաքրքրությունը: