Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու թույլտվություններ են տրամադրվել «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «ԱԷՍ թրեյդ» ընկերություններին:
«Երևանի էլեկտրատրանսպորտը» մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 15 տրոլեյբուսներով։ Նախատեսվում է ներկրել YUTONG BUS ZK6128BEVG մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+2 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով (հպակային ցանցից դուրս` առնվազն 60 կմ ընթացք, 60 կմ/ժ առավելագույն արագություն), սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված թվով 15 անռելս տրոլեյբուս, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 5 երթուղիները համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների թիվը։
Տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացումը կբեռնաթափի նաև հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ իրականացնելով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.1 մլրդ դրամի ներդրում տրոլեյբուսների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 196 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 311.8 մլն դրամ:
«ԱԷՍ թրեյդ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ՊՎՔ պրոֆիլների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում, իսկ մնացած մասը արտահանել Վրաստան։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ արդեն իսկ իրականացնելով 30 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ մինչև 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 15 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 922 մլն դրամ: