Գործադիրը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիների ընթացքում Երևանում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևանը սնող գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունն այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։ Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևանում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։ Երևանում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևանի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։ Յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազիֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և ընդհանուր միջին ճնշման գազատարների կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը։
Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով քաղաքաշինական ու տեխնիկական հնարավոր լուծումների համադրմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ուսումնասիրվել է տեղադիրքային առումով նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող կառուցապատողների աշխատանքները և մշակվել են 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարների, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների նոր ԳԲԿ-ների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելուց և վերջնական համաձայնեցումներից հետո աշխատանքները կիրականացվեն, համապատասխանաբար, հետևյալ փուլերով՝ Հյուսիսարևելյան, Հարավարևմտյան, Հարավային, Արևելյան հատվածներ: Արդյունքում՝ հնարավորություն կտրվի կրճատել ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ իրականացվող ընդհանուր ծախսերը, նվազագույնի հասցնել կամ չեզոքացնել սակագնի վրա ազդեցությունը և ապահովել մատակարար ընկերության կողմից ստեղծված ենթակառուցվածքների պատշաճ շահագործումը։ Աշխատանքների արդյունքում ենթակառուցվածքներ կստեղծվեն Երևան քաղաքի ողջ տարածքում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Սա ներդրումային միջավայրի բարելավման առումով չափազանց կարևոր հարց է: Մենք արդեն երկար ժամանակ բախվում ենք իրավիճակների, երբ օրինակ՝ բազմաբնակարան շենքերը կառուցված են, պատրաստ են շահագործման, բայց, ըստ էության, չի ստացվում շահագործման հանձնել, որովհետև ենթակառուցվածքային պրոբլեմներ ունեն, այսինքն՝ բնական գազի, երբեմն լինում է նաև էլեկտրական էներգիայի, երբեմն լինում է խմելու ջրի հետ կապված: Ավելին՝ մենք շատ դեպքերում ունենք արդեն իսկ պատրաստի կամ եղած թաղամասերում նոր շենքերի ձևավորման պարագայում, երբ ծանրաբեռնվածությունը կտրուկ մեծանում է, որովհետև այդ խողովակաշարերը նախատեսված չեն նման բնակավայրերի համար: Եվ մենք նկատել ենք, որ սա ներդրումային միջավայրի բարելավման առումով շատ էական գործոն է: Նաև հաշվի առնելով այն, որ որոշակի հնարավորություններ են առաջացել՝ մենք քննարկել ենք և որոշել ենք, որ այդ հնարավորություններն օգտագործենք այդ ուղղությամբ, որը շատ լուրջ ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության և ներդրումային միջավայրի բարելավման և, ընդհանրապես, քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու, ապահովելու առումով»:
Վարչապետն այս համատեքստում կարևորել է մարզերում նմանատիպ հարցերի վրա ուշադրություն դարձնելու հանգամանքը:
«Մենք հարցը պետք է ուսումնասիրենք, իհարկե, այս փուլում ամենահրատապ խնդիրը Երևանն է, բայց ես կանխատեսում եմ, որ մենք շինարարական ծավալների մեծացման նմանատիպ զարգացումներ ունենալու ենք նաև այլ մարզելում, և հատկապես երևանամերձ մարզերում: Մենք այսօրվանից պետք է դրա մասին մտածենք, որպեսզի որևէ ձևով պոստֆակտում արձագանքելու անհրաժեշտություն չունենանք, այլ նախապես: Ընդ որում` շատ կարևոր է, որ մենք այս աշխատանքն իրականացնելիս սերտ համագործակցենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ստեղծել նոր թաղամասերի ստեղծման կանխատեսելիության դաշտ: