Հակարիի կամրջի երեկվա ադրբեջանական սադրանքին այսօր անդրադարձել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը բացառվում է, և ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր երկրի սուվերենության, իրավազորության սկզբունքով:
Գովեստի խոսքեր բանակին և մեղադրանքներ իշխանությանը. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով Հակարիի կամրջին տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրանքին, իշխանության գործողությունները դավաճանական համարեց: Մամիջանյանը խոսեց նաև ռուսական խաղաղապահ ուժերի գործողությունների մասին:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Արդյոք 100 տոկոսով գո՞հ եմ մեր ռազմավարական դաշնակցի գործելաոճից: Ինչպես ցանկացած քաղաքացի՝ իհարկե ո՛չ, բայց գիտակցում եմ, որ այնտեղ կանգնած ռուս խաղաղապահը մեր եղբայրների և քույրերի երաշխավորն է: Ուստի միշտ չէ, որ կարող եմ տալ այնպիսի գնահատականներ, որոնք կուզենայի տալ։
Մամիջանյանը հորդորեց բանակցությունները խաղաղության գործընթաց չանվանել ու նշեց՝ միշտ կա լայնածավալ պատերազմի հավանականություն։
Հայկ Մամիջանյան - Խնդրանքս՝ Ադրբեջանի այս խայտառակ ուլտիմատումները բավարարելու գործընթացը երբևէ չհակադրել պատերազմին, չասել, որ եթե այս բանակցային գործընթացը չլինի, սրա այլընտրանքը պատերազմն է։ Ո՛չ, սրա այլընտրանքն արժանապատիվ բանակցություններն են։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ նշեց՝ խոսել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որն իրեն տեղեկացրել է` Ադրբեջանը փորձում է շարունակել ագրեսիան:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Դատապարտելի և անընդունելի է, ով ինչ ուզում է ասի, նման վարքագիծը մերժելի է։ Առավելևս ՀՀ տարածքում փորձ է արվում, այն էլ՝ երկու անգամ, երբ հայկական կողմի և փառք ու պատիվ մեր սահմանապահ ուժերին, որոնք որ փորձում էին կանխարգելել:
Նա մեղադրեց Հայաստանի իշխանությանը խաղաղության օրակարգն առաջ մղելու համար, բայց նաև ասաց՝ իրենց կոչն Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ:
Մինասյան - Առնվազն միջազգային մակարդակում առնվազն պետք է հասնել այն բանին, որ Ադրբեջանի անհագ ցանկությունները զսպվեն:
Զսպել էսկալացիոն ռիսկերը, նաև միջազգային գործընկերների ճնշման միջոցով. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն քարտուղարի տեսակետն է: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Հակարիի կամրջին տեղի ունեցածը Հայաստանը գնահատում է որպես Ադրբեջանի հերթական սադրանք: Պատգամավորը խոսեց ռուսական խաղաղապահներից, նշեց՝ առաջացած խնդիրների վերաբերյալ գնահատականները բազմիցս են հնչեցրել:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Արտաքին մեր գերատեսչության գործընկերները մշտական կապի մեջ են մեր ռուս գործընկերների հետ, մենք ոչ մեկ անգամ ենք արձանագրել, որ, այո՛, Լաչինի միջանցքում կա խնդիր, այնտեղ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք խոսել ենք և ուղիղ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ:
Խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը Իրանի հետ է։
Արթուր Հովհաննիսյան - Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է՝ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր երկրի սուվերենության իրավազորության և հավասարության սկզբունքներով, սրան այլընտրանք չի կարող լինել:
Արթուր Հովաննիսյանը բացառեց այս տրամաբանությունից դուրս որևէ ճանապարհի մասին քննարկումը, նշեց՝ դա կառավարող ուժի համար կարմիր գիծ է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան