Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Իտալիայի ընտրանուն և նվաճել եզրափակչի ուղեգիր։ Իսպանացիների կազմում 3-րդ րոպեին աչքի է ընկել Երեմի Պինոն: 11-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն մրցակցին պատասխանել է հստակ իրացրած 11 մետրանոց հարվածով։
Առաջին խաղակեսում իտալացիները Դավիդե Ֆրատեզիի ջանքերով ևս մեկ գոլ են խփել, սակայն մրցավարն այն չեղարկել է խաղից դուրս վիճակի պատճառով: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Խոսելուն հաղթանակ է պարգևել Իսպանիային, որը երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ:
Հունիսի 18-ին կայանալիք վճռորոշ խաղում միմյանց հետ կմրցեն Իսպանիայի ու Խորվաթիայի հավաքականները։