Վրաստանի հետ սահմանին ռուսական Վերին Լարսի անցակետն ընդլայնվել է: Տրանսպորտային միջոցները կսպասարկվեն 39 գոտիով, 15-ը նախատեսված են բեռնատարների համար: Անցակետի ռուսական կողմում կառուցվել է 20 նոր շենք և շինություն, տեղադրվել է շուրջ 450 հազար տոննա մետաղական կոնստրուկցիա, ասֆալտապատվել է բավական մեծ տարածք: Անցակետի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի կարգադրությամբ։ Հունիսի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ նոր նախաձեռնության շնորհիվ հնարավոր կլինի վերացնել խցանումները և ապահովել բեռնատարների նորմատիվ անցումը: Վրացական կողմը ևս մայիսից իր տարածքում սկսել է վերակառուցման աշխատանքներ:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԻ
Իրանի Զանջան նահանգ այցի ընթացքում Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Սոբհանին հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ամրապնդել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։ Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն արդեն գերազանցել է 700 միլիոն դոլարը: «Թեհրանը ցանկանում է այդ թիվը հասցնել 3 միլիարդ դոլարի»,- հավելել է դեսպանը։
Պաշտոնյան նաև շեշտել է, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, Իրանի համար դարպաս է դեպի 200 միլիոնանոց շուկա:
ԹԲԻԼԻՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ
Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։
«Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակում Թբիլիսին նախկինում քայլեր է ձեռնարկել հարևան երկու երկրի միջև կառուցողական երկխոսություն խթանելու ուղղությամբ։ Պատրաստ ենք շարունակել ջանքեր գործադրել այդ հարցում»,- նշել է Իլյա Դարչիաշվիլին:
Նա համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված Թբիլիսիի ջանքերը օրինաչափ են և հետագայում էլ արդյունավետ կլինեն:
ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆՔ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՀԵՏ. ՕՎԵՐՉՈՒԿ
Մոսկվան Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով գրեթե ամեն օր կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, երկխոսության հարթակ է ապահովում Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համար: Ես երբեք չեմ պատասխանում հարցին՝ կոնկրետ երբ տեղի կունենա ապաշրջափակումը: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերը համաձայնության գան»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նաև տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ մի շարք հարցեր է քննարկել, որոնք Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո չլուծված էին մնացել։
ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել աշխատել միասին` մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար»,- նշել է նա:
Պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատել է գնահատականը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է: «Սպասում ենք կողմերի հանդիպմանը` նոր առաջընթացի համար»,- նշել է Միլլերը:
ԱՌԱՋ Է ՏԱՐՎՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները եվրոպացի գործընկերների հետ շփումներում առաջ են տանում Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և պատերազմից տուժած երկրի դեմ տնտեսական պատժամիջոցները մեղմելու գաղափարը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ գործակալության՝ Պարսից ծոցի երկրները «տարբեր մակարդակներով ամիսներ շարունակ» ջանքեր են գործադրում՝ պնդելով՝ պատժամիջոցները պետք է չեղարկվեն, այլապես Սիրիայում 12-ամյա հակամարտությանը վերջ տալու դիվանագիտական քայլերն անօգուտ են: Պարբերականի տվյալով՝ Պարսից ծոցի պաշտոնյաները համոզված են, որ Սիրիայի տնտեսության վերականգնումը միլիոնավոր սիրիացի փախստականների հնարավորություն կտա վերադառնալ հայրենիք:
ԱՖՐԻԿՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԿԻԵՎՈՒՄ Է
Սենեգալի նախագահ Մակի Սալի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորած աֆրիկյան պատվիրակությունը խաղաղության առաքելությամբ մեկնել է Ուկրաինա: Պատվիրակության կազմում են նաև Զամբիայի, Սենեգալի, Կոմորյան կղզիների նախագահները, Եգիպտոսի վարչապետն ու Ուգանդայի արտգործնախարարը:
Նախատեսված է նրանց հանդիպումը Վոլոդիմիր Զելենսկու հետ. օրակարգում Ուկրաինայում պատերազմն ավարտելուն ուղղված աֆրիկյան խաղաղության ծրագիրն է: Աֆրիկյան պատվիրակությունն արդեն այցելել է Բուչա, որը պատերազմից ամենաշատ տուժած բնակավայրերից է:
Ուկրաինայում քննարկումներից հետո աֆրիկացի ղեկավարները կմեկնեն Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ և քննարկելու իրենց առաջարկը:
Reuters գործակալությունը հայտնել է, որ Կիևն այսօր ենթարկվել է հրթիռակոծության, ինչի պատճառով աֆրիկյան պատվիրակությունը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում: Ուկրաինական կողմը հայտնում է, որ Կիևում ՀՕՊ համակարգերը 10-ից ավելի անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Մայրաքաղաքում կան տուժածներ և ավերածություններ: