Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Սարգսյանների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը այս գործով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացրեց:
Վահագն Գրիգորյան (պատասխանողի ներկայացուցիչ) - Իրավասու մարմնի կողմից ուսումնասիրությունը կարող էր տևել առավելագույնը 2 տարի` մինչև 2022 թվական, սակայն այդ պահի դրությամբ պատասխանողի նկատմամբ հարուցված ուսումնասիրությունը դեռևս ավարտված չի եղել, քանի որ այդ ամսաթվից հետո իրավասու մարմինը փաստորեն լրացուցիչ տեղեկատվություն է տվյալներ է հավաքագրել և 2023 թվականի փետրվարին պատասխանողի նկատմամբ ներկայացրել է լրացուցիչ հայցապահանջներ:
Ըստ ներկայացուցչի՝ այս գործով ուսումնասիրությունը դատախազությունը սկսել է 2020 թվականին: Գրիգորյանը խնդրեց կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել:
Դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ, նշեց` այն անհիմն է: Ենոքյանի խոսքով՝ օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 3 տարի:
Տիգրան Ենոքյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ) - Այսինքն` օրենքի ներկա կարգավորումների համաձայն՝ ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 3 տարի, որը տարածում է նաև սույն վարույթի նկատմամբ, քանի որ օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ուսումնասիրությունը դեռևս ավարտված չի էլ եղել:
Պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նաև առարկեց այս գործով հայցվորի 2-րդ ներկայացուցչի՝ վարչության տնտեսագետ Արթուր Կարապետյանի մասնակցության դեմ: Նշեց՝ Կարապետյանը վարչության աշխատակից չէ, և որ գլխավոր դատախազի հրամանի համաձայն՝ տնտեսագետի հաստիք վարչության կազմում գոյություն չունի: Այս միջնորդության դեմ Ենոքյանը եւս առարկեց, նշեց՝ Կարապետյանը հանդիսանում է վարչության աշխատակից և կարգավորված է, թե ինչ լիազորություններ նա ունի:
Ներկայացուցչի այս միջնորդությունը մերժվեց, իսկ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացվի առանձին դատական ակտով:
Դատախազությունը պահանջում է Սարգսյաններից բռնագանձել 734 միլիոն դրամի գույք ու դրամական միջոցներ:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան