224 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Գործադիրը 224 միլիոն դրամ հատկացրեց Վայոց ձորի 4, Տավուշի 5 բնակավայրում դպրոցների ու կրթահամալիրների կառուցման, Սյունիքի մարզի քաղաքներում դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի համար: Գումարը կհատկացվի 23 հաստատության՝ 9 կրթահամալիրի, 14 դպրոցի համար: Խնդիր է դրվել մինչև 2026-ը կառուցել, վերակառուցել և հիմնանորոգել 300 դպրոց, 500 մանկապարտեզ:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Վերջին ամիսներին արդեն նման երեք որոշում ենք կայացրել 107 հաստատության մասով, որոնցից 60-ը կրթահամալիր են, 47-ը՝ առանձին դպրոցներ: Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130՝ վերաբերելով 40 հազար աշակերտի:
Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում կներկայացվեն որոշման նախագծեր՝ Շիրակի, Լոռու մարզերի և Երևանի համար: Այս ծրագրով միջնակարգ դպրոցներն ու մանկապարտեզները կտեղակայվեն մեկ կրթահամալիրում: Կրթական կենտրոններին զուգահեռ քիչ աշակերտ ունեցող բնակավայրերում կառուցվում են մոդուլային դպրոցներ: Մեկ կրթահամալիրը կգործի 2-3 բնակավայրի համար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այնտեղ, որտեղ մեկ բնակավայրում կա երեխաների անհրաժեշտ համակազմ, որպեսզի առանձին դպրոց գործի, այդտեղ զրոյից նոր դպրոցներ ենք կառուցում: Այն բնակավայրերում, որտեղ առայժմ նման միտում չկա, ստեղծում ենք կրթահամալիր ինչ-որ կենտրոնական դիրքում գտնվող գյուղում՝ հարակից գյուղերի համար: Այստեղ հիմնանորոգում չունենք, բոլորը կառուցվող դպրոցներ են: Երբ որ կրթահամալիրը շահագործման հանձնվեց, մինչև կրթահամալիրի բակը մտնող բոլոր ճանապարհները պետք է լինեն հիմնանորոգված, ունենանք չօգտագործված տրանսպորտային միջոց և վերապատրաստված, ստանդարտացված հագուստով վարորդներ, պրոցեսը որ սկսում ենք, սրանք մեր պլանո՞ւմ են:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Եթե 2024-ին քարտեզագրենք բոլոր անհրաժեշտ ճանապարհները, սկսենք նախագծումը, ապա դպրոցը շահագործման հանձնելիս այդ հարցը լուծված կլինի:
300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու պետական ծրագիրը վարչապետը համարում է զարգացման կարևոր ծրագիր:
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Բացի կրթական բաղադրիչից, տարածքների համաչափ զարգացման համար նաև այլ ծրագրեր կիրականացվեն:
Նիկոլ Փաշինյան - Մենք հիմա բնակարանային գնման վկայագրերով և բնակարանների կառուցման ծրագրեր ունենք, որ առաջարկում ենք քաղաքացիներին: Բնակավայրերում, որտեղ պետական ներդրումներ ենք անում, բայց բնակչության թվի խնդիր ունենք, էն մյուս ծրագրերը վերաձևակերպում ենք և կոնկրետ անունով բնակավայրերի դեպքում բոնուս ենք ավելացնում: Մարդուն տալիս ենք ԲԳՎ, ասում, որ այն արժի 10-15 մլն դրամ, ինքը ազատ է, որտեղ ուզում է ձեռք բերի, բայց եթե դուք բնակարան ձեռք կբերեք, որտեղ ունենք դպրոց կամ կրթահամալիր, սա նշանակում է, որ ճանապարհը կարգի կբերենք, բուժծառայություններ: Բնակարան ձեռք բերելը մատչելի կլինի շահառուի համար:
Վարչապետը շեշտեց՝ կիրականացվեն նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման ծրագրեր, որոնք բոլորը միասին կնպաստեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, հայրենադարձությանը:
Նիկոլ Փաշինյան - Երբ որ մենք դատարկվող գյուղերի պրոբլեմը ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ ապրելու պայմաններ, չկան դպրոց, ճանապարհ, ինտերնետ, ոնց գնա, եթե ստեղծում ենք դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ՝ երկրորդ պայման, բնակարան՝ երրորդ խնդիր, ինտերնետ՝ չորրորդ խնդիրն ենք լուծում:
Կրթական հաստատությունների կառուցման աշխատանքների արդյունավետ իրականացման համար վարչապետն անհրաժեշտ համարեց շինընկերությունների հետ քննարկումը: Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև մարզերում մարզական ենթակառուցվածքների, նաև լողավազանների ստեղծումը: Խնդիրն արձանագրվել է նաև մարզային այցերի ընթացքում:
Նիկոլ Փաշինյան - Վայոց ձորում և Բերդ խոշորացված համայնք կատարած այցերի ընթացքում անհրաժեշտությունը տեսանք, հանձնարարել եմ, որ մարզական կենտրոններ ստեղծենք: Կրթահամալիրների տրամաբանությամբ նաև մարզական կենտրոններ ստեղծելու տիպային նախագիծ ունենանք: Մարզադպրոց և ֆիթնես կենտրոն, որ երեխաներն ու մեծերը այցելեն: Պետական ներդրումից հետո կարող ենք կոնցեսիայով կառավարման հանձնել պրոֆեսիոնալ ընկերությունների:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Սա սպորտի ռազմավարության մաս է, որը կներկայացնենք առաջիկայում, կապել ենք կրթահամալիրի տրամաբանությանը, օրինակ՝ ֆուտբոլի դաշտը. առանձնացվել մասսայական սպորտի, լողավազանների համար:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - 25-30 մլն կլինեն, նախագծման աշխատանքների մեկ նախագիծ, կլինեն տեղակապումները, մեկ օբյեկտի արժեքը մինչև 2 մլրդ դրամ կտատանվի:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ առաջիկա տարիներին էապես ավելանալու է համայնքներին տրվող դոտացիաների գումարը, որը համայնքները կարող են օգտագործել պետական միջոցներով ստեղծվող նոր ենթակառուցվածքները պահպանելու համար:
Նիկոլ Փաշինյան - Եթե դոտացիաներն էականորեն ավելացնում ենք, դոտացիաների ծախսման մեխանիզմներում, կանոններ սահմանենք, որ ավելացող հատվածներն ուղղորդվեն պետական ներդրումների սպասարկման համար, եթե բացառող հանգամանք օրենսդրական չունենք, կարող ենք մտածել:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ ՈՒ ԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ
Կառավարությունը հաստատեց Երևանը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրն ու գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցը: Նախարար Սանոսյանի խոսքով՝ Երևանում լայնածավալ կառուցապատման արդյունքում գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ոչ միայն բաժանորդները կկարողանան սպասարկման ծառայություններ ունենալ, Երևանում կփոխվի գազի որակը: Ցանցը ծանրաբեռնված է, բերում է որակական ճնշումների, հարցը կկարգավորվի:
Երևանում կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ: Ծրագիրը կսկսի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026-ի դեկտեմբերին։ 490 նոր բաժանորդի հայտ կա: Նախատեսվում է 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագայում նոր բաժանորդները ևս կարողանան միանալ։
Նիկոլ Փաշինյան - Ներդրումային առումով շատ լուրջ գործոն է, հաշվի առնելով, որ որոշակի հնարավորություններ են առաջացել, որոշել ենք օգտագործել, որը լուրջ ռազմավարական ներդրում է ՀՀ և ներդրումային միջավայրի բարելավման համար, պատշաճ ծառայությունների մասով: Շինարարական ծավալների մեծացում կունենանք մարզերում, էսօրվանից դրա մասին պետք է մտածենք, որ պոստֆակտում արձագանքելու անհրաժեշտություն չունենանք:
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ 80 ՏՈԿՈՍՈՎ ԿԲԵՌՆԱԹԱՓՎԵՆ
Գործադիրը հաստատեց նախագծերի փաթեթը. նախատեսվում է, որ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններն այսուհետև քաղաքացիական հայցադիմում չեն ներկայացնի դատարան, այլ կգնան նոտարի մոտ, որը հայցադիմումը էլեկտրոնային եղանակող կուղարկի Հարկադիր կատարման ծառայություն։ Նախարարի խոսքով՝ 2020-2022-ին քաղաքացիական հայցերով 441 հազար հայցադիմում է ներկայացվել, 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են։
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Դատարանների մոտ 90 տոկոսը ծանրաբեռնված է գործերով, որոնք, ըստ էության, արդարադատություն չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճը ուղղակի դատավորը վերցնում է, պայմանագիրը նայում է և հաստատում է։ Այդ գործերի 95 տոկոսը չեն էլ բողոքարկվում, որովհետև քաղաքացիների մեծ մասը ի սկզբանե համաձայն է, գիտի, որ պարտք ունի։ Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները շուրջ 80 տոկոսով։
Նախատեսվում է նաև ավելացնել դատավորների թիվը կամ բարձրացնել աշխատավարձի չափը: Մինասյանի խոսքով՝ այնուհետև կկենտրոնանան առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացման վրա:
Գրիգոր Մինասյան - Ամբողջը թվային ենք անելու: Օրենքի ուժի մեջ մտնելը կապելու ենք թվային հարթակի գործարկմանը, թուղթը վերանալու է: Մուտք է գործելու, դիմումն ուղարկելու է նոտարին, ապա՝ հարկադիրին:
Դատարաններն արագ բեռնաթափելու համար արդարադատության նախարարի առաջարկով փաթեթն անհետաձգելի համարվեց: