Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը նախատեսվում է միավորել նույն քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի հետ: Կրթական գերատեսչությունն այդ մասին նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման: Լուրը դժգոհություն է առաջացրել փակվող հաստատությունում: Թիվ 4 դպրոցի աշխատակազմը նախարարություն էր եկել՝ պահանջելով պահպանել իրենց հաստատության առանձին գործունեությունը:
Հռիփսիկ Գասպարյան (Արմավիրի թիվ 4 դպրոցի ուսուցչուհի) - Մեր դպրոցը, ճիշտ է՝ վերանորոգված չէ, դա են պատճառաբանում և ուզում են փակել, բայց դա, ես կասեի՝ ընդհանրապես նշանակություն չունի մեր մանկավարժների համար: Մենք աշխատում ենք չափից դուրս նվիրված: Շատ ունենք մանկավարժներ, որ 30 տարի և ավելի աշխատում են այդ դպրոցում, համերաշխ, բարձր մակարդակի կոլեկտիվ է մեր կոլեկտիվը:
Վստահեցնում է՝ ուսուցման որակն իրենց դպրոցում բարձր է. վկայությունը՝ շրջանավարտների բուհ ընդունվելու ցուցանիշը: Տնտեսվար Պավլիկ Գևորգյանն էլ ընդգծում է՝ շուրջ 40 հոգի գործազուրկ է դառնալու, այդ թվում՝ ինքը:
Պավլիկ Գևորգյան (Արմավիրի թիվ 4 դպրոցի տնտեսվար) - Ամեն դպրոցում մի տնտեսվար է, երկուսը չի կարող լինել: Երկու տնօրեն, երկու փոխտնօրեն կարո՞ղ է լինել, չի կարող: Նրանք երկու հավաքարար ունեն, երկուսն էլ մենք ունենք, հիմա ինչո՛ւ այս երկուսին էլ պիտի ընդունի, գումար տա: Նույնը՝ պահակները: Երկու պահակ ունի կամ երեք, երեքին էլ էս դպրոցից ընդունի՝ ի՛նչ անի:
Նախագծի հիմնավորման մեջ միավորման անհրաժեշտությունը բացատրվում է երկու հաստատությունում էլ սովորողների թվի նվազման և շենքերի օպտիմալ օգտագործմամբ: Նշվում է, որ նախորդ ուսումնական տարում Արմավիրի թիվ 1 դպրոցն ունեցել է մոտ 290 աշակերտ: Շենքը նախատեսված է 1000-ի համար: Թիվ 4 դպրոցում եղել է մոտ 250 աշակերտ: Շենքի նախագծային հզորությունը 680 է:
Թիվ 1 դպրոցում 28 ուսուցիչներից 7-ն ունեն որակավորման առաջին աստիճանի տարակարգ, 18 ուսուցիչ ոչ միայն մասնակցել է կամավոր ատեստավորմանը, այլև դրական արդյունք է ունեցել և հավելավճար է ստանում: Թիվ 4 դպրոցում ուսուցիչները 26-ն են։ Երկուսին շնորհվել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ։
Նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է՝ կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու ծրագրի իրագործման ընթացքում մանրամասն ուսումնասիրում են շենքերի վիճակը, ծանրաբեռնվածությունը, տվյալ բնակավայրում երեխաների թիվը՝ կրթության կազմակերպման առավել արդյունավետ տարբերակ գտնելու համար: Այդ աշխատանքների ժամանակ էլ պարզ է դառնում, որ որոշ դեպքերում դպրոցական շենքերն ունեն մեծ հզորություն, բայց թերբեռնված են ու հաճախ՝ միևնույն տարածքում:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Բնականաբար սա նշանակում է լրացուցիչ ծախսեր, որոնց արդյունավետությունը շատ կասկածի տակ կարող է դրվել: Դրանք առաջին հերթին հանրային միջոցներ են:
Նախարարը կարծում է՝ հնարավորություն կունենան թիվ 4 դպրոցի մանկավարժական կազմին աշխատանք առաջարկել թե՛ մյուս ավագ դպրոցում և թե՛ տարածքի այլ դպրոցներում՝ հաշվի առնելով հանրապետությունում ուսուցիչների պահանջարկն ու բազմաթիվ թափուր հաստիքները:
Ժաննա Անդրեասյան - Իհարկե, այստեղ հարցեր ունենք նաև դպրոցի տնօրինությանը, որովհետև ի հայտ են գալիս նաև ոչ արդյունավետ կառավարման խնդիրներ: Օրինակ՝ պարզվում է, որ փոքր ժամաքանակներով ներգրավված են շուրջ 7 ուսուցիչներ մեկ առարկայի դասավանդմանը, երբ որ այդ ծանրաբեռնվածությունը շատ ավելի քիչ ուսուցիչ է պահանջում, ու էդտեղից էլ խնդիրներ են առաջանում ամեն առանձին ուսուցչի ստացած գումարի չափով, որովհետև ժամաքանակը արհեստականորեն մասնատված է:
Ինչ վերաբերում է միավորվող դպրոցների հեռավորությանը՝ մեկ կմ չափով, նախարարն ընդգծեց՝ այդ տարիքի երեխաների համար դա մեծ տարածություն չէ: Իսկ փակվող դպրոցի շենքն օգտագործվելու է որևէ այլ կրթական նպատակով:
Թիվ 4 դպրոցի աշխատակազմին նախարարությունում ընդունել են հանրակրթության վարչության պատասխանատուներն ու փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Նախարարը նրանց կընդունի առաջիկա օրերին: Անդրեասյանը մեր հարցերին պատասխանել է Մանկավարժական համալսարանում՝ միջոցառման ժամանակ, նշել՝ այս պահին դպրոցների միավորման 3 նախագիծ կա՝ Արմավիրից բացի՝ Գուգարքում ու Ստեփանավանում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան