2022 թվականի բյուջեն չի ապահովել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների գոնե մասնակի լուծումը: Այս մասին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:
Խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է բյուջեի կատարողականի քննարկմանն ու հայտնել, որ այդ ընթացքում կեղծիքներ են հնչել: Պատգամավորը խոսել է 2000-ականների ԼՂ մասով բանակցությունների, նույն ժամանակահատվածում Մեղրիի ու տարածքային փոխանակման առաջարկի, երկրում աղքատության ավելացման մասին:
Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նախօրեին՝ ադրբեջանցիների՝ Հակարիի կամուրջն արկակոծելու հարցին: Պատգամավորը հայտնել է, որ ինքն այդ թեմայով խոսել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որն իրեն տեղեկացրել է՝ Ադրբեջանը փորձում է շարունակել ագրեսիան. սրացումը հատկապես կապված է եղել ՀՀ խորհրդանիշների տոնի հետ, որը նշվում է հունիսի 15-ին:
«Ադրբեջանի վարքագիծն անընդունելի ու մերժելի է: Մեր կոչն Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ: Միջազգային մակարդակում առնվազն պետք է հասնել այն բանին, որ Ադրբեջանի անհագ ցանկությունները զսպվեն»,- ասել է Արծվիկ Մինասյանը: