Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննչական կոմիտեի միջնորդությունը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց:
Ձայնագրություն. «Ես կզանգեմ Արմենին, կասեմ` ախպեր, հիշում ես, որ մենք պայմանավորվել էինք, որ եթե կարիք ըլնի քո վրա գրելու, կարամ արխային գրեմ, ոնց եմ գրում քո վրա, ասա, որովհետև ձև չկա, էս մարդուն չեն թողալու»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններից մեկն է: Բժշկական համալսարանում պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներից բացի, Աշոտյանը այժմ մեղադրվում է նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակության կազմակերպման համար:
Աշոտյանը, ըստ նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանի, մեղադրանքը «քաղաքական հետապնդում» է որակում: Ասաց՝ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել:
Տիգրան Աթանեսյան (Արմեն Աշոտյանի պաշտպան) - Լրացվել է մեղադրանքը` ոչ փաստական կազմ, այլ որակումները, ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ մենք 8 ամիս չենք հարցաքննվել, քննություն, կարելի է ասել, մեզ հետ չի կատարվել:
Բացի Աշոտյանից, այս գործով մեղադրյալ են նաև 2012-2016 թվականներին Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ՝ Մարթա Սիմոնյանը: Ըստ կոմիտեի՝ քննչական գաղտնի գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում խոչընդոտել է վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին: Այդ կերպ խախտելով խափանման միջոցի պայմանը: Նա ազատության մեջ էր՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:
«Աշոտյանը, անձամբ կամ միջնորդավորված, վարույթով վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մտերիմների միջոցով առաջարկել և փորձել է այդ անձանց հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբանների, որպեսզի կարողանա տեղեկանալ հարցաքննությունների բովանդակություններին՝ միաժամանակ պլանավորելով ու նախատեսելով իր և այդ անձանց հետագա գործողությունները»:
Կոմիտեն նաև մի քանի ձայնագրություններ է հրապարակել, չնշելով անուններ.
«Ես Արմենին ու Կարենին էլ եմ ասել` եթե ես ընտրության հնարավորություն ունեցա, ընտրելու եմ Մարտային, իմացեք դուք: Եթե եղավ նենց, որ ընտրեմ ձեր ու Մարտայի մեջ, ընտրելու եմ Մարտային օգնելը»:
Ըստ նախաքննական մարմնի՝ Աշոտյանը, լինելով նախարար, միաժամանակ նաև՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին դրդել է առանց գնումների գործընթացի կազմակերպման, ուղիղ գնման միջոցով իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանի կառուցապատման իրավունք: Համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ դրա հիման վրա սոցիալական աջակցության ֆոնդում անհիմն պահվող մոտ 190 միլիոն դրամը դարձնելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը՝ հետագայում այդ գումարներով եւս «Ծովասար» հյուրանոցային համալիրից չորս բնակարանի և մեկ դահլիճի կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար։ Սա, ընդ որում, մեղադրանքի միայն մի մասն է:
Նախաքննական մարմինը ՀՀԿ փոխնախագահին ձեբակալել է 24 ժամով և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Միջնորդության քննարկումը սկսվել է 20:00-ին: Մինչև այդ Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել բացակայելու արգելքը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան