Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Կառավարության ղեկավարը խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի սրման մասին, ինչպես նաև անդրադարձել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի քաղաքականությանը:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որը, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ու եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես, և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել Լեռնային Ղարաբաղին: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով:
Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի: Էլ ի՞նչպես է լինում էթնիկ զտումը՝ արգելակվում է Լեռնային Ղարաբաղի հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Այս իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում ոչ միայն կազմակերպությունների և օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով, և այս ուղղությամբ մեր ջանքերը չպետք է նվազեն:
Նաև շարունակում ենք կարծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է, և պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն:
Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական: Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում, և հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա:
Ուզում եմ նաև ընդգծել, որ առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի:
Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին:
Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ Հայաստանը պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:
Կրկին ընդգծում եմ, որ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է: Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն: Շնորհակալ եմ»: