Իրանի Զանջան նահանգի տնտեսական նիստի ընթացքում Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր մոտեցումներից է, գրում է IRNA-ն։
Կարևորելով Զանջան նահանգի հետ տնտեսական հնարավորությունները՝ դեսպանը շեշտել է, որ այս հնարավորությունները կարող են ամրապնդել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։ Նշելով, որ Հայաստանի հետ Իրանի ապրանքաշրջանառության առևտրային արժեքը հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի, Սոբհանին ընդգծել է, որ իրենց նպատակն է այդ ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։
Դեսպանը նաև հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցությամբ հանդիսանում է Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց շուկա, և վստահեցրել, որ Իրանի ներսում արտադրողներն ուժ և հնարավորություն ունեն իրենց խոսքն ասելու այս շուկայում: