ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում և խոսել նոր աշխարհակարգի, Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման և ռուսական տնտեսության կայունության մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Խոսելով Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման հետ կապված իրավիճակի մասին՝ Պուտինը նշել է, որ հակահարձակման ժամանակ Կիևն օգտագործում է իր ռազմավարական ռեզերվները՝ առաջ շարժվելու և նոր դիրքերում ամրապնդվելու համար, բայց հաջողություն չի ունենում:
«Որևէ տարածքում նրանք չեն հասել իրենց նպատակներին, նրանց կորուստները շատ մեծ են, ռուսական բանակի համեմատ՝ մոտ յուրաքանչյուր տասներորդը: Սա փաստ է»:
Նախագահի խոսքերով՝ Կիևը չի կարող երկար պատերազմել զենքի սպառման պատճառով, մինչդեռ Ռուսաստանը նման խնդիր չունի, մեկ տարվա ընթացքում 2,7 անգամ ավելացրել է երկրի ռազմական արտադրանքը:
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է բազմաբևեռ աշխարհի հարցերին:
«Նեոգաղութային աշխարհակարգը դադարել է գոյություն ունենալ, և բազմաբևեռ աշխարհակարգն ամրապնդվում է, սա անխուսափելի գործընթաց է»,- աել է Պուտինը: Նրա խոսքով՝ մի շարք պետությունների ղեկավարներ հրաժարվում են ենթարկվել արտաքին ճնշումներին և նախընտրում են ղեկավարվել սեփական շահերով: Հենց այդ պետությունների հետ էլ, ըստ Պուտինի, մի քանի անգամ աճել է փոխադարձ առևտրի ծավալը: Նա հավելել է, որ ԵԱՏՄ երկրների հետ հաշվարկների մոտ 90 տոկոսը կատարվում է ռուբլով, Չինաստանի հետ ավելի քան 80 տոկոսը՝ ռուբլով և յուանով։
«Պետությունը պահպանել է հավասարակշռված բյուջետային քաղաքականություն, գործազրկությունն ու գնաճը մոտ են պատմական նվազագույնին։ 2022 թվականին 1,7 միլիոն մարդ դուրս է բերվել աղքատությունից, իսկ աղքատության մակարդակը եղել է երկնիշից ցածր՝ 9,8 տոկոս»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Այս կայունությունը, նշել է Պուտինը, դարձել է Ռուսաստանի մրցակցային առավելությունը։ ՌԴ նախագահը պարզաբանել է, որ ՀՆԱ-ի աճը մինչև տարեվերջ կլինի 2 տոկոսից ցածր, ինչը թույլ կտա Ռուսաստանին պահպանել իր տեղը աշխարհի առաջատար տնտեսությունների շարքում։