Հունիսի 14-ին Երևանում տեղի է ունեցել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի Մոսկովյան կենտրոնի (ՇԿՀԱ ՄԿ) Կառավարիչների խորհրդի նախագահ Է. Մարտիրոսյանի և ՇԿՀԱ գործադիր տնօրեն Ն. Չիգուսայի գլխավորած պատվիրակության հանդիպումը, որին մասնակցել է նաև ՇԿՀԱ ՄԿ տնօրեն Վ. Ակսյոնովը: Այդ մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
Քննարկվել են ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի ատոմակայանների էներգաբլոկների ընթացիկ վիճակի, նոր կառուցվող էներգաբլոկների անդամակցության, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում ատոմակայանների անվտանգությանը վերաբերող հարցեր:
Է. Մարտիրոսյանը ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործունեության ներկայիս վիճակը, թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կայանի գործունեության հեռանկարային ծրագրերը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցելու ասոցիացիային վերաբերող հարցերի արդյունավետ լուծմանը:
Ն. Չիգուսան, որը մինչ այդ երկար տարիներ ղեկավարել է ՇԿՀԱ Տոկիոյի կենտրոնը, մասնավորապես հետաքրքրվել է սեյսմիկ ազդեցությունների հանդեպ ՀԱԷԿ-ի կայունության առումով ատոմակայանում կուտակված փորձով:
Հայկական ատոմակայանի սեյսմիկ պաշտպանության թեման կարող է հեռանկարային լինել ճապոնացի և հայ մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման առումով: