Մայրաքաղաքում 911-ին օրական հարյուրից ավելի զանգ է գրանցվում: Փրկարարնեն այժմ կարող են խուսափել խցանումներից և ժամանակին տեղ հասնել: Թեթև կանչերի 10 տոկոսն այժմ սպասարկում են մոտոցիկլներով, մտադիր են առաջիկայում սպասարկել նաև ճանապարհատրանսպորտային պատահարները:
Մոտոցիկլետը՝ փրկարարների, Երևանում կսկսենք ավելի հաճախ տեսնել։ Որոշվել է 911-ի կանչերի մի մասի սպասարկումը դնել երթևեկության մեջ ճկուն տրասպորտային այս միջոցի վրա։
Վահե Գևորգյան (ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կապիտան) - Օձերի հետ կապված եթե խնդիր կա, քաղաքացիները կանչում են, փակ դուռ եթե կա՝ նմանատիպ կանչերին ենք գնում...
Արագ արձագանքման համար մոտոցիկլետները կահավորված են անհրաժեշտ բոլոր դետալներով՝ լուսաձայնային ազդանշանից մինչև աշխատանքի մեջ օգտագործվող ամրագոտիներ ու այլ պարագաներ։
Զուրաբ Վարդանով (ՀՀ ՆԳՆ ՓԾ մոտոցիկլավարների օղակի հրամանատար) - էս մեզ մոտ պարաններն են, էստեղ էլ մեզ մոտ շանսային գործիքներ են, էս մի պայուսակը մեզ բավարարում է դուռ բացելուն:
Բա օձին ո՞նց եք բռնում: Օձի համար ստեղ սարք ունենք տեղադրած: Իսկ դեղատուփ էլ ունե՞ք. այո: Էստեղ են պարագաներն առաջին բուժօգնության... Մեզ մոտ ամեն ինչ կա:
Փոքրիկ բեռնախցերից դուրս մոտոցիկլետին նաև կրակմարիչներ են ամրացված՝ հանկարծ եթե ճանապարհներին ավտովթար լինի հրդեհով։
Զուրաբ Վարդանով - Դե, հիմիկվա մեքենաները գիտեք՝ սաղ գազով են, անմխիթար վիճակ ա, սաղի մոտ էդ շլանգների բանի... շատ են բռնկվում:
Հենց Զուրաբ Վարդանովն է, ի դեպ, 2015 թվականին ԱԻՆ-ի համար ընտրել «Էս-ՎԵ Բանդիտ» անունով հզոր այս մոտոցիկլետները․ առաքիչների հազիվ շարժվող մոպեդների հետ չշփոթեք, ասում է՝ հանգիստ քշելիս սլանում է ժամում 80 կմ արագությամբ։
Ինքն էլ վարում է՝ մոտոցիկլավարների օղակի հրամանատարն է: Արդեն ՆԳՆ-ի կազմ մտած՝ Հատուկ նշանակության Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում։ Միջազգային որակավորում ունեցող ԻՆՍԱՐԱԿ-ի բազայում այս պահին 2 մոտոցիկլ կա։ Անընդհատ հետաձգվել է դրանց օգտագործումը, մինչև որ մայրաքաղաքի խցանումներն ու 911-ի ավելացած կանչերն այլ տարբերակ չթողեցին՝ պարզաբանում է կառույցի ղեկավարը։
Հայկ Նաղդալյան (ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ) - էս պահի դրությամբ մեկ ամսվա ընթացքում 100 կանչ ա արել, որ սպասարկել են՝ կլինի օձի թե փակ դռան կանչ: Օրվա մեջ, երևի, 10-15 կանչ սպասարկում է մոտոցիկլետը: Շատ ավելի էֆեկտիվ է՝ խցանումների ժամանակ արագ հասնելու և ծախսի առումով:
Վառելիքի ծախսը տնտեսում են կիսով չափ, մարդկանց օգնության հասնելու ժամանակը՝ շատ ավելին՝ հպարտանում են այստեղ։
Վահե Գևորգյան (ՀՀ ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ Փրկարար ծառայության կապիտան) - Էստեղից որ վերցնենք, Մալաթիա-Սեբաստիա՝ ամենաուշը մի 15 րոպեում հասնում ենք, իսկ մեքենայով դա անհնար է, քանի որ խցանումները Երևանում շատացել են:
Ասացին՝ եղանակն անձրևոտ չլիներ՝ մոտոցիկլետները կեսօրին Ավան Առինջի անգարում արդեն չէին լինի, որ նկարեք։ Թաց ասֆալտն ամռան շոգից տեղում չորացավ, ընդունեցին առաջին կանչը։
Առաջադրանքը՝ բնակարանում արգելափակված ընտանիքին օգնել, դուռը բացելն է։ Ուղղությունը՝ Արշակունյաց պողոտա։ Մինչև մենք խցանումներով տեղ կհասնեինք՝ փրկարարներն արդեն գործն ավարտել էին։ Ավելին՝ պարզվեց՝ նոր կանչի են շտապում:
- Ուր եք գնում էստեղից:
- Սայաթ-Նովա 31:
- Ի՞նչ ա այնտեղ:
- Կատուն ա արգելափակվել հորանում:
Համեմատաբար թեթև կանչերը մոտոցիկլետով սպասարկելիս 911-ը կարողանում է արագ արձագանքել մեծ թվով զանգերի։ Այնպես որ՝ ծառայությունը հիմա հերթափոխը լրացնելու բայքեր-փրկարար է փնտրում։
Հայկ Նաղդալյան (ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարար աշխատանքերի իրականացման կենտրոնի պետ, ՓԾ գնդապետ) - Սպորտ-բայքեր են՝ ամեն մարդ չի կարող վարել, պետք է մասնագետ լինի: Ընթացքում փորձում ենք նաև մասնագետ պատրաստել: Երեք խումբ 24 ժամով կարողանում ենք սպասարկել, մեկ խումբ որ էս պահին պակասում ա:
Եթե ամեն ինչ ծրագրածով ընթանա, առաջիկայում մոտոցիկլետով փրկարարների վրա կդնեն նաև Երևանի ճանապարհատրանսպորտային պատահարների սպասարկումը։