Խորհրդարանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանին: Նրան ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Սարգսյանի թեկնածության քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ «Պատիվ ունեմ»-ը չի քվեարկում անգամ այն նախագծերին, որոնք դրական հետևանք են ունենում:
Բաբկեն Թունյան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Անկախ նրանից՝ նախագիծը լավն է, վատն է, եթե նախագիծը ներկայացվել է կառավարության կողմից, դուք դրան կողմ չեք: Այսինքն՝ դուք ընդհանրապես հարցերին չեք նայում բովանդակային առումով, բոլոր որոշումները դիտարկում եք քաղաքական պրիզմայով, ինչն, իհարկե, ձեր իրավունքն է: Եթե ձեր օրակարգը հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք դուք լուծելու և ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով:
Մամիջանյանը պատասխանեց՝ վստահ են, որ Անահիտ Սարգսյանը հանձնաժողովում երկրին միայն օգուտ է բերել:
Հայկ Մամիջանյան ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար - Եթե ես ասում եմ, որ չեմ ընկալում ձեզ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում: Իրոք ակնկալիք ունեիք, որ ես պետք է գամ ու խնդրեմ քվեարկել մեր թեկնածուի օգտի՞ն: Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք, հակառակ դեպքում կտուժի հանձնաժողովը:
Ռուբեն Ռուբինյան ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ - Տիկին Սարգսյան, ավելի լավ է` Ձեզ չներկայացներ պարոն Մամիջանյանը, ինչն, ի դեպ, չի նշանակում, որ մենք որոշում ունենք Ձեր մասով: Մյուս անգամ, երբ մեկը Ձեզ ներկայացնելու լինի, խորհուրդ կտամ՝ այլ մարդ լինի: Կարծում եմ՝ մյուս անգամ այլ մարդու կամ խմբակցության պետք է ընտրեք:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանն էլ իր ելույթում խոսեց թվային հարթակներում մրցակցության պաշտպանության անհրաժեշտության մասին: Նա առաջարկում է նաև, որ թվային հարթակների համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սահմանի վարքագծի կանոններ։ Ելույթից հետո Ռուբինյանը հարցրեց՝ իսկ Սարգսյանին հետաքրքրում է թե խորհրդարանական մեծամասնությունը ինչպես կքվեարկի:
Անահիտ Սարգսյան ՄՊՀ անդամի թեկնածու - Եթե ես այստեղ կանգնած եմ, ապա ինձ հետաքրքրում է իմ ընտրությունը: Ես, իհարկե, կցանկանայի ընտրվել, բայց ոչ թե իմ անձի համար, այլ կցանկանայի աշխատել այդ հիմնարկում, քանի որ ես բավականին` 10 տարվա փորձ ունեմ այնտեղ աշխատանքային գործունեության:
Ռուբեն Ռուբինյան - Շնորհակալ եմ շատ տրամաբանական պատասխանի համար: Տեսնում եք, պարոն Մամիջանյան, չստացվեց Ձեզ մոտ փչացնել տպավորությունը թեկնածուի վերաբերյալ:
Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց` 2017 թվականին վառելիքի շուկայում մենաշնորհ եղել է, թե ոչ:
Անահիտ Սարգսյան - 2017 թվականին վառելիքի շուկայում մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ չեն եղել: Եղել են գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ:
Մինչդեռ Բագրատյանը հակադարձեց՝ մենաշնորհ եղել է: ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հարցրեց՝ նախկինում բանանի ներմուծումը չի՞ եղել մենաշնորհ, ինչին Սարգսյանը պատասխանեց` բանանը սոցիալական կարևոր նշանակության ապրանք չի համարել, և պնդեց՝ ներկրման մենաշնորհ չի եղել: Ալեքսանյանը նաև թեկնածուի ֆեյսբուքյան գրառումներից մեկը մեջբերեց:
Վահագն Ալեքսանյան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - «Բա, ոչխար ժողովուրդ, դուք մերժեցիք Սերժին, բերեցիք Նիկոլին, բա հիմա չե՞ք երազում Սերժի Հայաստանը». եթե ՀՀ ժողովրդին համարում եք «ոչխար», էդ ոնց եք ժողովրդի ձևավորված Ազգային ժողովից եկել, քվե ուզում, ու ո՞նց եք պատկերացնում, որ էդ ժողովրդի մեջ պիտի ինչ-որ ղեկավար պաշտոն զբաղեցնեք:
Անահիտ Սարգսյան - Որպես ի ծնե ՀՀ քաղաքացի` իմ կարծիքն ունեմ տեղի ունեցող երևույթների վերաբերյալ` պետության, դրա ամրության, ղեկավարների, պետության ղեկավարների վարած քաղաքականության։
Պատգամավոր Արփինե Դավոյանն էլ թեկնածուի մեկ այլ գրառում մեջբերեց, ապա շեշտեց, որ այն ջնջված է։
Արփինե Դավոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Դուք ձեր կարծիքն եք հայտնել Նիկոլին սատարողների մասին` «դուք փուչ մարդիկ եք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար եք, որ չի հասկանում` իրեն տանում են սպանդանոց»:
Ըստ թեկնածուի՝ ֆեյսբուքյան իր գրառումները խորհրդարանում հրապարակելը ճիշտ չէ: Այս հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի հաջորդ նիստում:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան