Հաշվեքննության արդյունքներով հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին այս Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը 2022 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշների արժանահավատության վերաբերյալ կարծիքը ներկայացնելիս:
«Հաշվեքննության արդյունքներով հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետև ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն հաշվեքննության ենթարկված մարմիններից, և ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով զերծ են էական խեղաթյուրումներից։
Հաշվեքննիչ պալատը փաստում է, որ 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում 2022 թվականի բյուջետային գործառնությունների արդյունքները»,- ասաց Ջանջուղազյանը։
Հաշվեքննիչ պալատի նախագահը նկատեց, որ ներկայացվածը կարող է հարցեր առաջացնել, քանի որ նախկինում քննարկված տարբեր եզրակացություններ պարունակել են անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ գրառումներ, ուստի, կանխելով հնարավոր հարցերը, Ջանջուղազյանը հրապարակեց 10 պետական մարմիններում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով արձանագրված անհամապատասխանությունները:
«10 պետական մարմիններում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով արձանագրված են 113 անհամապատասխանություններ, որոնք ոչ բոլորն են, որ հանգեցրել են ֆինանսական հաշվետվություններում խեղաթյուրումների առկայության։ Դրանցից 5 պետական մարմիններում 18 խեղաթյուրումներ են արձանագրվել ընթացիկ հաշվեքննությունների արդյունքներով։ Պարզապես այս խեղաթյուրումների հանրագումարային ֆինանսական արտահայտությունը կազմել է բյուջետային ծախսերի 0,11 տոկոսը, ինչը չի գնահատվել որպես էական տրամաբանորեն և հետևաբար չի ազդել կարծիքի վրա»,- ասաց Ջանջուղազյանը։