ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը Իտալիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել են Իտալիայի Ազգային ճանապարհների միության ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ հանդիպման ժամանակ ներկայացվել է Իտալիայի ճանապարհային ցանցի կառավարման համակարգը, քննարկվել են թունելների կառուցման, շահագործման հիմնահարցերը, ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղված միջոցառումները, ինչպես նաև Իտալիայում գործող թվային կառավարման առաջադեմ գործիքները, Smart Roads համակարգի առանձնահատկությունները։
Նախարարը տեղում ծանոթացել է Azienda Nazionale Autonoma delle Strade (ANAS) կազմակերպությունում գործող ճանապարհների թվային կառավարման համակարգի աշխատանքներին, համակարգի առավելություններին և առանձնահատկություններին։
ANAS կազմակերպության կողմից Իտալիայում կառավարվում է 2034 թունել, 32 516 կմ ճանապարհ, 18602 կամուրջ։
Այցի շրջանակներում Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։
Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Հուշագրով սահմանվում է կողմերի միջև համագործակցություն՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լավագույն փորձի, ճանապարհային ոլորտի նորարարությունների, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանակման, ճանապարհային անվտանգության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև երկու երկրների մասնագետների վերապատրաստում, պարբերական ճանաչողական այցեր, որոնք կնպաստեն ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը։