Բնապահպանական պատրվակով այս անգամ էլ ադրբեջանական կրակոցները հնչում են Արաքսի մյուս ափից: Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը իբր թե կարող է բացասական ազդեցություն ունենալ Նախիջևանի տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների վրա: Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է, որ այդ տարածքները Երասխից բավականաչափ հեռու են վնասելու համար: Գործարանի տարածք են այսօր այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ:
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքների հաջորդ օրը դեպքի վայրում են Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչները: Իրենց աչքով զննում են տարածքը, կրակահերթից վնասված հատվածները: Մի քանի տասնյակ դիվանագետներին 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն է պատմում՝ հունիսի 14-ին՝ 11:30-ի սահմաններում, հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը և կրակ բացել գործարանի ուղղությամբ, վիրավորվել է 2 օտարերկրացի:
Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հարցը.
Ինչո՞ւ ենք մենք հենց այստեղ, ինչ ենք տեսնում հիմա:
Սասուն Բադասյան (ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար) - Էստեղ 2 աշխատող՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ, վիրավորվել են, որոնք ընդհանրապես զինվորական ծառայության մեջ ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում իրենց համար նախընտրելի գործարանում:
Ադրբեջանի բոլոր գործողությունները միտում ունեն խաթարելու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացումը՝ դիվանագետների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Սեդրակ Թևոնյան (Արարատի մարզպետ) - Իրենց մեջբերումները, թե իբր բնապահպանական խնդիրներ կան, ես վստահեցնում եմ, որ որևէ խնդիր չունենք:
Դիվանագետներին հետաքրքրում էր նաև ներդրող ընկերությունն ու գումարի ծավալը: Մարզպետ Թևոնյանը պարզաբանեց՝ GTB ընկերությունն է՝ Միացյալ Նահանգներից:
Սեդրակ Թևոնյան - Դե, 70 և ավելի միլիոն դոլարի մասին է խոսքը:
Քանի դեռ գործարանը կառուցման փուլում է, այստեղ 200 մարդ է աշխատում, շարունակեց մարզպետը, բայց գործարկվելու պարագայում աշխատակիցների թիվը կհասնի շուրջ 1000-ի:
Սա մետաղական ջարդոնի հալեցման գործարան է: Այն փոքր է, արտադրության ծավալը տարեկան 108.000 տոննա է լինելու: Մեր ադրբեջանցի հարևանները բողոքում են, թե Հայաստանը խախտում է «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի» դրույթները: Բայց դրանք այս գործարանի վրա չեն տարածվում, քանի որ այն փոքր է լինելու: Օդի կամ ջրի աղտոտման մասին խոսք լինել չի կարող: Այդպիսի խնդիր չկա, քանի որ այստեղ հալեցման համար օգտագործվելու են միայն էլեկտրական ջեռոցներ, ածուխ չի կիրառվելու:
Ի դեպ, 2022 թվականի Բնապահպանական արդյունավետության ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 180 երկրների շարքում 56-րդն է, Ադրբեջանը, որը կես տարի շարունակ պնդում է, թե մտահոգ է Հայաստանի ու Արցախի կառավարությունների՝ բնության նկատմամբ վերաբերմունքով, ըստ այս ինդեքսի՝ ընդամենը 104-րդ տեղում է: Այդ երկիրն ընդհանրապես հայտնի է բնապահպանական խնդիրների անտեսմամբ ու միջազգայորեն սահմանված նորմերի շարունակական խախտմամբ:
Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է՝ Նախիջևանի տարածքում բնության հատուկ պահպանվող ամենամոտ տարածքը ուղիղ գծով Երասխ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա է, և գործարանը չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ նշված տարածքի վրա։ Ռամսարի կոնվենցիայով սահմանված խոնավ տարածքներ ևս չկան։ Ազդեցությունը բացառվում է նաև հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանների վրա, քանի որ ամենամոտ հուշարձանը ուղիղ գծով մոտ 12 կմ հեռավորության վրա է։ «Տարածքի ընտրությունը, կիրառվող արդիական տեխնոլոգիան և նախատեսվող բնապահպանական միջոցառումները նվազագույնի կհասցնեն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Վերադառնալով Երասխի միջադեպին... Հայաստանի և Ադրբեջանի մարտական դիրքերը գործարանի տարածքից 400 մետր հեռավորության վրա են՝ իրավիճակը ներկայացրեց ԶՈՒ պաշտոնյան: Տարածքն ամբողջապես դիտարկման տակ է:
Հակառակորդի կրակակետերը՝ խոշոր տրամաչափի, ուղղորդված են գյուղի վրա:
2022-ի օգոստոսից Երասխում տեղակայված գործարանի ուղղությամբ առաջին անգամ է Ադրբեջանը կրակ բացում՝ պատմում է GTB հոլդինգի տնօրենը:
Տիրան Հակոբյան (GTB հոլդինգի տնօրեն) - Փորձում են խոչընդոտել գործարանի կառուցումը, որովհետև թիրախավորում են տեխնիկային և աշխատող մարդկանց, որովհետև իրենք չեն ուզում տնտեսական հզորացումը Հայաստանում: Իսկ մեր գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա:
Ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ բեկորային վնասվածք ստացած Հնդկաստանի քաղաքացիները երեկ վիրահատվել են, հիմա նրանց վիճակը գնահատվում է բավարար: 200 աշխատակիցներից 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են:
Տիրան Հակոբյան - Քանի որ բավականին տեխնոլոգիական է, կան մասեր, որ մենք չունենք էդ գիտելիքը, և մեր հնդիկ գործընկերներն ունեն:
Ինչու է գործարանը կառուցվում առաջնագծին այսքան մոտ՝ Տիրան Հակոբյանը բացատրեց.
Տիրան Հակոբյան - Մեր սեփականատերերից Գրիգոր Տեր-Ղազարյանի պնդմամբ՝ մենք նպատակաուղղված եկել ենք Երասխ: Երասխ ենք եկել, որովհետև շատ կարևոր է, որ սահմանամերձ գոտին զարգանա: Հաջորդ հարցը լինելու ա, ենթադրում եմ, որ դուք ունեք հարկային արտոնություններ: Այո, ունենք հարկային արտոնություններ, օրինակ՝ ԱԱՀ-ից ազատված ենք, բայց մենք այդ արտոնությունից հրաժարվել ենք և վճարում ենք ԱԱՀ:
Տիրան Հակոբյանը շարունակեց՝ Երասխում են, ՀՀ ինքնիշխան տարածքում, և ունեն հստակ դիրքորոշում՝ աշխատանքները չեն դադարեցնելու և կառուցելու են գործարանը: Շինաշխատանքները նախատեսում են ավարտել այս տարեվերջին, իսկ տեխնոլոգիական աշխատանքները՝ 2024-ի առաջին եռամսյակում: