2022-ին արձանագրված 12.5 տոկոս տնտեսական աճի հարցում մեծ դերակատարում է ունեցել կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը. խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանը նշել է, որ եթե մինչև 2008 թ. տնտեսական աճը կենտրոնացած է եղել միայն շինարարության վրա, ապա հիմա, ըստ նախարարի, այն արձանագրվում է բոլոր ոլորտներում։
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարար) - 2022 թ. միջին անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 15.5 տոկոսով` կազմելով 235 576 դրամ։ Իսկ իրական աշխատավարձը 8.6 տոկոսանոց գնաճի պայմաններում 6.3 տոկոսով է աճել։ Գործազրկությունը 15.5 տոկոսից նվազել է` հասնելով 13 տոկոսի։ Ասում են, որ սա ապահովվել է միայն ռուս ՏՏ մասնագետների շնորհիվ, սակայն 2022 թ. գրանցված 55 հազար նոր աշխատողներից 45 հազարը ՀՀ քաղաքացիներ են եղել:
Բացի այդ, ըստ Հովաննիսյանի, 10 հազարով կրճատվել է ընտանեկան նպաստից օգտվող ընտանիքների թիվը` դարձել 72 748։ Նախարարն անդրադարձավ նաև «Ջինի ինդեքս»-ին, որը ներկայացնում է երկրի հարստության բաշխվածության ցուցանիշը:
Վահե Հովհաննիսյան - Հայաստանն այս ցուցանիշով ամենացածր երկրների շարքում է։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 0,27։ Համեմատության համար նշեմ, որ Վրաստանի ցուցանիշը 0,34 է, Շվեդիայինը՝ 0,28, իսկ Ֆրանսիայինը՝ 0,30:
Նախարարը խոսեց նաև պետական պարտքի մասին:
Վահե Հովհաննիսյան - ՀՀ պարտքը` դրամով արտահայտված, նվազել է` 4 տրիլիոն 210 միլիարդից իջնելով 3 տրիլիոն 970 միլիարդ դրամ: Պարտքը գնահատվում է համախառն ներքին արդյունքի հետ համեմատությամբ: Մեր պարտքը 21 թվականի դեկտեմբերին կազմում էր 60.2 տոկոս, իսկ 2022 թ-ի դեկտեմբերին այն կազմել է 46.7 տոկոս։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 13.5 տոկոսային կետով արտաքին պարտքի նվազումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով` տնտեսությունն աճել է շատ ավելի արագ, քան պարտքը, դրամն արժևորվել է, և դրամով արտահայտված արժութային պարտքը նվազել է։
Վահե Հովհաննիսյան - Օրինակ` Չինաստանի պարտքը կազմում է 77 տոկոս, Վրաստանինը` 41 տոկոս, Աֆղանստանինը` 7.4 տոկոս։ Ինչո՞ւ, որովհետև Աֆղանստանը աղքատ երկիր է` անկայուն քաղաքական համակարգով, և չի կարող երաշխավորել պարտքի վերադարձ։ Այսպիսի երկրներին օգնություն են տալիս։ Ես ուրախ եմ` արձանագրելու, որ ՀՀ-ն օգնություն ստացող երկիր չէ։ Ընդհակառակը` մենք դարձել դոնոր երկրների անդամ և մեր փոքրիկ ներդրումն ունենք աղքատ երկրներին աջակցելու հարցում։
Ըստ նրա` թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասով 2022 թ-ի պետական բյուջեն իրականացվել է ամբողջությամբ ` իր նախանշած թիրախային շրջակայքում:
Իսկ որքան օժանդակություն է տրամադրվել Արցախին. «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այս հարցին էլ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ծրագրված 144 մլրդ-ի փոխարեն 2022-ին Արցախին 176 մլրդ դրամ է փոխանցվել:
Հարակից զեկուցող ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ ներկայացրեց բանկի եզրակացությունը 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:
Մարտին Գալստյան (ԿԲ նախագահ) - Գործընկեր երկրներում էական տնտեսական խնդիրներին զուգահեռ` Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին արձանագրել է զգալի դրական զարգացումներ, ինչը մեծամասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության և ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ապրիլ ամսից դեպի Հայաստան միջազգային այցելուների, աշխատուժի, ընկերությունների և ֆինանսական կապիտալի էական ներհոսքով:
Ստեղծված իրավիճակում գների կայունության ապահովման նպատակով 2022 թվականին ԿԲ-ն վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն` բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքն ընդհանուր երեք տոկոսային կետով:
Ամփոփելով` Գալստյանն ասաց՝ նախորդ տարվա պետական բյուջեի ծախսերի կատարողականը թեև ուղեկցվել է որոշակի թերակատարումներով, սակայն նախորդ տարիների համեմատ էապես բարելավվել է: Չնայած, ԿԲ նախագահի խոսքով, խնդիրները մնում են արդիական, սակայն 2022-ին արձանագրվել է կապիտալ ծախսերի բարձր աճ և բարձր կատարողական:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան