Մենք Հայաստանում ունենք լրջագույն խնդիր, ու այդ խնդիրը միայն Հայաստանում չէ. ամբողջ աշխարհում կա նման խնդիր՝ պայքար ապօրինի թմրաշրջանառության դեմ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Պատգամավորը նշեց ցանկացած հանցագործության դեմ պայքարելու երկու սկզբունքները: «Առաջինը պատժի խստությունն է, տվյալ դեպքում թմրանյութերի պահելը, իրացնելը, առաքելը ենթադրում է պատասխանատվություն 7-10 տարի ժամկետով, ինչը բավականին խիստ պատիժ է: Այնուամենայնիվ, քաղաքացիները գնում են այդ քայլին և վաճառում, ներմուծում, առաքում են թմրանյութեր՝ դրանով վտանգելով մեր քաղաքացիների կյանքը:
Հաջորդ սկզբունքը պատժի անխուսափելիությունն է. հանցագործը, բացի պատժի խստությունից, պետք է իմանա, որ իր արած հանցագործության համար պատիժը լինելու է անխուսափելի»,- նշեց նա:
Խոսելով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած՝ թմրանյութ հայտնաբերած ոստիկանին դրամական պարգև տալու վերաբերյալ իր առաջարկի մասին, Հայկ Սարգսյանն ասաց.
«Իմ առաջարկության իմաստը և նպատակն այն է, որ ենթադրյալ հանցագործները, որոնք վաճառում են թմրանյութ մեր քաղաքացիներին, իմանան, որ ոստիկանները մեծ պարգև են ստանալու իրենց հայտնաբերելու դեպքում, դրա համար ևս մեկ անգամ մտածեն թմրանյութեր վաճառելուց առաջ, ինչպես նաև մեր ոստիկանները ոգևորվեն, նաև ունենան լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք կօգտագործեն թմրանյութ վաճառողներին հայտնաբերելու համար»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում թմրանյութը վաճառվում է Տելեգրամով, այլ հարթակներով, ինչի դեմ պայքարելը շատ բարդ է: «Ես չեմ ուզում այնպես ստացվի, որ թերագնահատում եմ ոստիկանության աշխատանքը: Այո, մեր ոստիկանապետը, ՆԳ նախարարը, ոստիկանության աշխատակիցները մեծ ջանքեր են ներդնում այս հանցագործության դեմն առնելու համար: Գիտեք՝ ստեղծվել է թմրանյութերի դեմ պայքարի նոր բաժին, որն առաջիկայում կարող է դառնալ վարչություն, բայց պայքարի մեթոդները, ձևերը և գործիքակազմը պետք է փոխել. այս քանակի բացահայտումները նպաստում են, բայց չեն կանխարգելում, շարունակաբար աճում է թմրանյութերի շրջանառությունը»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջարկել էր թմրանյութ հայտնաբերած ոստիկանին տալ դրամական պարգև՝ 500 հազար դրամի չափով, ինչն, ըստ պատգամավորի, կոգևորի ոստիկանին և կնպաստի նոր դեպքեր բացահայտելուն: