Անկարայի պահանջները դեռ չեն բավարարվել: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի աջակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ստոկհոլմը կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները:
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ելույթում հայտարարել է, որ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգի հարցն այսուհետ «փակված» է: «Վերջին ընտրությունների արդյունքներով վերջնականապես որոշվել է՝ ով է կառավարելու Թուրքիան։ Կառավարման խորհրդարանական համակարգի շուրջ քննարկումներն այլևս դադարեցված են»,- ասել է Էրդողանը:
Մինչև 2016 թվականը Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգ էր գործում։ 2017 թվականի հանրաքվեից հետո Հանրապետությունը ճանաչվեց նախագահական։ 2023 թվականի ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում վերադառնալու է խարհրդարանական համակարգի:
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԷՐԴՈՂԱՆ
Երաշխիքներ չկան, որ հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն կստանա, սակայն Դաշինքն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ՝ հայտարարել է Ենս Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է՝ Ստոկհոլմը կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները, վերացրել է զենքի մատակարարման սահմանափակումները, փոխել է սահմանադրությունը և օրենսդրական մակարդակով պայքարում է ահաբեկչության դեմ: «Ուստի Շվեդիան պետք է միանա ՆԱՏՕ-ին»,- հավելել է պաշտոնյան:
Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցների տվյալով, Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի աջակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում: Նախագահի խոսքով՝ Անկարայի պահանջները դեռ չեն բավարարվել:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՄ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բելգիայում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Օրակարգային հիմնական թեման եղել է Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցության գործընթացը։ Պաշտոնյաները քննարկել են եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կյանքի կոչման գործում Հանրապետության արձանագրած առաջընթացը։
Վրաստանի կառավարության տվյալով՝ ընդգծվել է, որ «տարեվերջին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելը չափազանց կարևոր է երկրի համար»։
Կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանում անվտանգության հաստատման հարցում Վրաստանի կարևոր դերը: Իրակլի Ղարիբաշվիլին էլ կարևորել է ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման առումով:
ԵՄ-Ն ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ ԿՈՍՈՎՈՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Սերբիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են երեք ալբանացու, որոնք Կոսովոյի հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներ են՝ հայտնել են սերբական լրատվամիջոցները:
Նշվում է, թե խումբն ուղարկվել է Սերբիայի տարածք՝ հատուկ առաջադրանքով։ ԶԼՄ-ների տվյալով՝ ձերբակալվածների մոտ հայտնաբերել են զենք, ռադիոկապի միջոցներ և քարտեզներ։
Սերբիայի նախագահը հայտարարել է, որ կոսովցիները հայտնաբերվել են սերբական տարածքում՝ Կոսովոյի հետ սահմանից 1.8 կմ հեռավորության վրա: Ալեքսանդր Վուչիչը մեղադրելէ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին հակամարտություն հրահրելու համար:
Կուրտին էլ պահանջել է ազատ արձակել կոսովցի զինվորականներին։ Նա պնդել է՝ սպաները գտնվել են Կոսովոյի տարածքում՝ Սերբիայի հետ սահմանից 300 մետր հեռավորության վրա: Վարչապետը մեղադրել է սերբական ուժերին Կոսովո ներխուժելու համար:
Միջադեպից հետո Կոսովոյի կառավարությունից հայտնել են, որ որոշում է կայացվել ուժեղացնել սահմանային հսկողությունը և արգելել սերբական պետհամարանիշներով մեքենաների մուտքը շրջան:
Տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին ԵՄ-ն հայտարարել է, որ մտադիր է սահմանափակել Կոսովոյին տրամադրվող ֆինանսավորումը և դադարեցնել բարձր մակարդակի այցերը:
«Չնայած մեր կոչերին, Կոսովոյի վարչապետ Կուրտին չկարողացավ վճռական քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը»,- ասել է արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
ՂՐԻՄԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 9 ԱԹՍ Է ԽՈՑՎԵԼ
Ղրիմի Կրասնոգվարդեյսկի շրջանում անօդաչու սարք է պայթել, տուժածներ չկան, մի քանի բնակելի շենքի ապակիներ են կոտրվել՝ հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Նա հավելել է՝ վերժին ժամերի ընթացքում Ղրիմի օդում ինը անօդաչու թռչող սարք են խոցվել:
Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ հունիսի 15-ի գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել երկրի տարածքին անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով:
ՀՕՊ համակարգերը խոցել են 22 թիրախ: Թիրախավորվել են, մասնավորապես, Օդեսան և Կրիվոյ Ռոգը: Հայտնի է վիրավորների և ավերածությունների մասին: