Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ասել է, որ Շվեդիան չպետք է ակնկալի անդամակցություն ՆԱՏՕ-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
«Ես կգնամ գագաթնաժողովին, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա։ Այն փաստը, որ Շվեդիան որոշակի ակնկալիքներ ունի, չի նշանակում, որ մենք կարդարացնենք այդ սպասելիքները։ Նախևառաջ Շվեդիան պետք է կատարի իր պարտականությունները»,- ընդգծել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Անկարան ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը բավարարելու հիմքեր չունի: Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ հունիսի 14-ին Անկարայում համատեղ նիստի ժամանակ այդ ուղերձը փոխանցվել է Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ նշել է, որ դաշինքն ակտիվորեն աշխատում է Շվեդիայի անդամակցության ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ստոկհոլմը կատարել է Թուրքիայի բոլոր պահանջները, վերացրել է զենքի մատակարարման սահմանափակումները, փոխել է սահմանադրությունը և օրենսդրական մակարդակով պայքարում է ահաբեկչության դեմ: «Ուստի Շվեդիան պետք է միանա ՆԱՏՕ-ին»,- հավելել է պաշտոնյան: