Քաղաքացիները առօրյա գնումներ են կատարում, գումարի չափը ֆիքսվում է և արտացոլվում հարկային մարմինների բազայում, ընդհանուր ծավալը տեսանելի կլինի հունիսի տվյալներում:
Վահե Յայլոյան (սուպերմարկետի մասնաճյուղի տնօրեն) - Հաց, միս, միրգ, ոչ ալկոհոլային խմիչքներ, նպարեղեն, պահածո...
Տնօրենը մատնանշում է ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքները: Ընդհանուր առմամբ` այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում 4.4 տրլն դրամի առևտրաշրջանառություն է արձանագրվել:
Վահե Յայլոյան - Մենք անդադար ունենք առևտրի աճ, ճիշտ է` անցած տարվա` նախորդի համեմատ ավելի մեծ էր աճը, քան հիմա: Ամենալավ ամիսը եղել է ապրիլը, որովհետև Զատիկը ընկել է հենց այդ ամսվա ընթացքում:
5 ամսում տպագրվել կամ դուրս է գրվել շուրջ 250 մլն ՀԴՄ կտրոն և հաշվարկային փաստաթուղթ: Տվյալը «Լուրեր»-ին տրամադրել են Պետական եկամուտների կոմիտեից: Սա գերազանցում է 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Կարեն Թամազյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - Քանակով` 19 մլն հատով կամ 8.4 տոկոսով, իսկ գումարով՝ 942 մլրդ դրամով կամ 27.5 տոկոսով: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գումարային աճը հիմնականում գրանցվել է ծրագրային ապահովման ոլորտում, մեծածախ առևտրի ոլորտում և ավտոմեքենաների առևտրի ոլորտում:
Եթե մեծածախ առևտրի ոլորտում գումարային մեծ աճ է գրանցվել, ապա մանրածախի պարագայում ավելի շատ ՀԴՄ կտրոններ են սկսել տպել, արձանագրում է ՊԵԿ նախագահի տեղակալը:
Կարեն Թամազյան - Մեր հարկ վճարողները` մանրածախ առևտրով զբաղվող և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող, սկսել են ավելի շատ ՀԴՄ կտրոններ տրամադրել, և բնական է` տնտեսության ակտիվությունն էլ է ազդել էս աճի վրա:
Առևտրի ոլորտում գործունեություն ծավալողները նշում են՝ ամռանն ավելի մեծ ակտիվություն են սպասում` հաշվի առնելով, որ այդ շրջանում մարդիկ տարբեր միջոցառումներ են կազմակերպում, քաղաքից դուրս այցելում և սովորականից ավելի շատ գնումներ կատարում:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան