Պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։
«Ադրբեջանի ու Պակիստանի հարաբերությունները եղբայրական են։ Մենք աջակցություն և համերաշխություն ենք ցուցաբերում միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում։ Այդ աջակցությունը ծառայում է մեր երկրների և մեր ժողովուրդների համախմբմանը։ Ադրբեջանցի ժողովուրդը շատ լավ գիտի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան և Պակիստանն էին, որ մեզ վճռական աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է Ալիևը։
Նա նաև տեղեկացրել է, որ Շարիֆի հետ քննարկել է առևտրի և ներդրումների, էներգետիկ և ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հարցեր, ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները։ «Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարներ կան»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը Քաշմիրի հարցում միշտ աջակցել և աջակցելու է Պակիստանին։
Պակիստանի վարչապետն էլ նշել է, որ նախատեսում է ընդլայնել համագործակցությունը Ադրբեջանի հետ մի շարք ոլորտներում, առավելապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ «Դա գաղտնիք չէ։ Ի վերջո, այս ոլորտում մեր համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասել է Շարիֆը։
Նա Ալիևին հրավիրել է Իսլամաբադ, հավելել՝ Պակիստանի մայրաքաղաքում սպասում են նաև Ադրբեջանի պատվիրակությանը՝ քննարկելու նախագծեր տնտեսության, առևտրի, ներդրումների, նավթի և գազի, նավթաքիմիական, վերականգնվող էներգիայի ոլորտներում: