ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկությանը, թե, իբր, ամերիկյան կողմը սպառնալիքներով փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին։
«Ես տեսել եմ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ն իր միջնորդական դերը դիտարկում է ոչ թե որպես խաղաղ գործընկերոջ կամ փորձագետի, որը կարող է կազմակերպել այդ կապերը, այլ նույնիսկ դիմել է ուժի կիրառման սպառնալիքների Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և բնակիչների նկատմամբ։ Մենք իսկապես անհանգստացած ենք։ Եթե այս փաստերը հաստատվեն, ապա ԱՄՆ-ը հերթական անգամ կվարկաբեկի իրեն որպես միջնորդի։ Միջնոդը նա է, որը փորձում է կողմերին հաշտեցնել և ներդաշնակություն բերել գործընթաց, գտնել ընդհանուր կետեր։ Ես նորագույն պատմության մեջ առաջին անգամ եմ բախվում մի իրավիճակի, երբ միջնորդական դերի հավակնող կողմը սպառնում է կարգավորման մասնակից կողմին ուժի գործադրմամբ՝ իրականացնելու իր միջնորդական դերը։ Այսինքն՝ շանտաժով և սպառնալիքով ստիպում են նստել բանակցային սեղանի շուրջ և մասնակցել ինչ-որ համաժողովների»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Զախարովայի խոսքով՝ ամերիկյան կողմը պարտավոր է մեկնաբանել այս տեղեկությունները։