2022-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը (ՕՈՒՆ) ՀՀ պատմության մեջ 1-ին անգամ հասել է 1 միլիարդ դոլարի: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին ասաց հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
«2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հասել է 1 միլիարդ դոլարի, որը կազմում է ՀՆԱ-ի 5,12 տոկոսը: Մեր թիրախը 2026 թվականի համար 6 տոկոսն է, այսինքն՝ ընդամենը մոտ 0,88 տոկոսով ավելին, և նշեմ, որ 6 տոկոսը բազմաթիվ ընդդիմադիրների կողմից համարվել է անիրատեսական ցուցանիշը, որն ուղղակի շատ մեծ քննադատության էր արժանանում, երբ մեր նախընտրական ծրագիրն էինք գրում, ներկայացնում»,- ասաց նա:
Ըստ Պապոյանի՝ 2021 թվականին ՕՈՒՆ-ի ծավալը կազմել էր ընդամենը 366 միլիոն դոլար, այսինքն՝ 2022 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 2,7 անգամ կամ 632 միլիոն դոլարով:
«Համեմատության համար նշեմ, որ նախկին իշխանությունների շարքերում մեծ ոգևորություն առաջացրած և շահարկվող 2017 թվականին ՕՈՒՆ-ը կազմել էր ընդամենը 253 միլիոն ամերիկյան դոլար, այսինքն՝ 2022-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտ 4 անգամ ավելի շատ են, քան 2017-ին»,- ասաց նա:
Գևորգ Պապոյանը ներկայացրեց նաև ՕՈՒՆ-ի մասով Վրաստանի հետ համեմատությունը: «Երբ, օրինակ, 2017-ին Հայաստանում ՕՈՒՆ-ը կազմում էր ընդամենը 253 միլիոն ամերիկյան դոլար, ապա Վրաստանում այն այդ նույն ժամանակ կազմում էր 2 միլիարդ դոլար: Այսինքն՝ Վրաստանում 2017-ին Հայաստանի համեմատ ՕՈՒՆ-ն ավելի էր 7,9՝ մոտ 8 անգամ:
«2022-ին Հայաստանում ՕՈՒՆ-ը կազմել է 1 միլիարդ դոլար՝ ավելանալով 4 անգամ 2017-ի համեմատ, իսկ Վրաստանում նորից նույն թիվն է, 2022-ին՝ 2 միլիարդ դոլար: Այսինքն՝ Վրաստանի և Հայաստանի համեմատությունը 8 անգամ շատից դարձել է 2 անգամ շատ, կամ նույնն է, որ Վրաստանում նույնն է մնացել 2017-ի համեմատ, իսկ մեզ մոտ ավելացել է 4 անգամ»,- ասաց նա:
Գևորգ Պապոյանը նաև թվարկեց Հայաստանի համար ՕՈՒՆ-ի հիմնական մատակարար երկրները. դրանք են Ռուսաստանը, Կիպրոսը, Ջերսին (կղզի Լա Մանշ նեղուցում - խմբ.), Գերմանիան, Արգենտինան, Լյուքսեմբուրգը:
«Այս շարքում ես նայեցի և Հայաստանի հարևան երկրներից ոչ մեկին չտեսա: Գոնե նկատելի ուղղակի ներդրում չկա: Պետք է քննարկել, թե սա լա՞վ է, թե՞ վատ է, բայց այս պահին արձանագրումը դա է»,- ասաց նա: