ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան համատեղ հանձնաժողովի նիստը:
Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, հանդիպմանը մասնակցել են եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նախարարի տեղակալը ողջունել է քննարկման մասնակիցներին և ներկայացրել հանդիպման օրակարգը, որը հաստատվելուց հետո քննարկվել է հանձնաժողովի դերը, աշխատանքի շրջանակը, առաջնահերթությունները:
Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ԵՄ-Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին, խոսել է վավերացման գործընթացների ընթացակարգերի և ընթացիկ վիճակի մասին:
Սիմոնյանը նշել է, որ ԵՄ-Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի վարչական կիրարկումը մինչև ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը համատեղ ուսումնասիրության կարիք ունի և անհրաժեշտության դեպքում ՀՀ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կիրականացվեն:
Կլաուս Գեյլը խոսել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն աջակցելու համար տեխնիկական համագործակցության հնարավորություններից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: