Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցների և կազմակերպիչների պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը:
Գիտաժողովը նվիրված էր աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին և անցկացվում էր Ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառումների շրջանակում:
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել գիտության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արդի գիտության բնագավառում առկա զարգացումների և հայեցակարգերի վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է գիտության նվաճումները գիտական արդյունաբերության հետագա զարգացման գործում կիրառելու կարևորությունը: