ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ընթացքը և պատասխանել զորահավաքի անհրաժեշտության մասին հարցին։
Նկարագրելով առաջնագծում տիրող իրավիճակը՝ պետության ղեկավարն ընդգծել է. «Հակահարձակումը սկսվել է ամսի 4-ից, հենց հիմա էլ այն շարունակվում է»: ՌԴ նախագահը նշել է, որ հարձակումն իրականացվում է այդ նպատակով պատրաստված՝ Ուկրաինայի զինված ուժերի ռեզերվների միջոցով։
Պուտինի խոսքով՝ ուկրաինական հակահարձակման ընթացքում ռուսական զորքերը ոչնչացրել են այնտեղ տեղափոխված արևմտյան ռազմական տեխնիկայի 25-30 տոկոսը՝ 160 տանկ և 360 զրահամեքենա։ Իր հերթին ռուսական կողմը հարձակումները հետ մղելիս կորցրել է 54 տանկ, տեխնիկայի մի մասը ենթակա է վերականգնման։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Կիևի կողմից վերահսկվող ուժեր չկան Բելգորոդի շրջանի տարածքում, որը վերջերս մի շարք հարձակումների է ենթարկվել։ Նա նաև հաստատել է, որ զորահավաքի նոր ալիքի և ռազմական դրության սահմանման անհրաժեշտություն չկա: