ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքին՝ կոչ անելով միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ:
«Ադրբեջանը կրակ է բացել հայ-ամերիկյան ներդրումներով Հայաստանի ինքնիշխան տարածքում կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։ Սա աղաղակող վարքագիծ է, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին և ուժի չկիրառման կամ նույնիսկ ուժի կիրառման սպառնալիքի վերաբերյալ բոլոր պարտավորությունների կոպիտ խախտում է։
Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցներն ու ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից։ Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի նկատմամբ միանշանակ նպատակաուղղված միջոցների բացակայությունը կարող է նոր ագրեսիաների պատճառ դառնալ ժողովրդավարական Հայաստանի դեմ»,- գրել է Մարուքյանը` հիշատակելով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: