Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը երկրորդ նիստն է անցկացրել: Քննարկել են ոլորտի խնդիրները՝ հեռանկարում նպատակ ունենալով ձևավորել իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ կանանց իրավունքներին վերաբերող հարցերի լուծման համար կառույցը կարող է կամուրջ դառնալ քաղհասարակության և պետական մարմինների միջև:
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստի օրակարգում կանանց իրավունքների պաշտպանության հարցերն են: 2022-ին խորհրդի ստեղծումից հետո սա երկրորդ նիստն է: Պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով՝ խորհրդի նպատակն է՝ նպաստել կանանց իրավունքների պաշտպանությանը, տարբեր գործընթացներում խթանել կանանց ներգրավվածությունը:
Անահիտ Մանասյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Այս խորհուրդը կարևոր է այն առումով նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր, այսինքն՝ անկախ պաշտոնատար անձին առընթեր, այն միավորում է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և սա շատ կարևոր հարթակ է տարբեր դիտանկյուններից քննարկելու այս ոլորտում եղած հարցերը և նաև լուծելու խնդիրները:
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդն իրականացրել է իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանմանն ուղղված միջոցառումներ: Տեղի են ունեցել իրազեկման արշավներ, կազմակերպվել իրավական կանոնակարգումների փոփոխություններին վերաբերող աշխատանքներ:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Մեզ համար անչափ կարևոր է իրավապահ համակարգում ունենալ կանանց ներգրավվածության բարձր մակարդակ, և մեր թիրախն էր սկսել պարեկային ծառայությունից, որպեսզի ծառայությունը, որը նոր ստանդարտներով միակ ծառայությունն է ոստիկանության համակարգում, փորձենք այս լավ օրինակի վրա ունենալ գործողություններ, որ հետագայում կարողանանք տարածել ամբողջ համակարգում:
Ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ իրազեկման արշավի ու նաև համատեղ ջանքերի արդյունքն է, որ պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար ունեն 900 կին դիմորդ:
Արփինե Սարգսյան - Սա շատ խոսուն թիվ է, ոչ միայն կենտրոնացել ենք իրազեկման միջոցառումների վրա, հետևելով գործողությունների ծրագրին, ձեռնարկել ենք օրենսդրական փոփոխություններ, որոնք կխթանեն կանանց ներգրավվածությունը պարեկային ծառայությունում:
Պաշտպանի խոսքով՝ գործունեության կարճ ժամանակահատվածում խորհրդի ուշադրության կենտրոնում են եղել կանանց նկատմամբ բռնության, աշխատանքային միջավայրում ինտեգրման հարցերը, որոնք, ըստ Մանասյանի, կարևոր են իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից:
Անահիտ Մանասյան - Թիրախային հետագա աշխատանքը, մենք այլ խնդիրներ ենք հասցեավորելու, մասնավորապես, քրեակատարողական տարբեր հաստատություններում կանանց իրավունքների պաշտպանությանը, տնտեսապես հզորացմանը վերաբերող հարցեր: Ակնհայտ է, որ կանանց իրավունքների և ներգրավվածություն խթանումը պայմանավորված է, թե ինչքանով են տնտեսապես անկախ, կարողանանք նաև կանանց նկատմամբ բռնության հարցերը հասցեավորել: Նոր թափով պատրաստվում ենք գործողություններ իրականացնել:
Պաշտպանի խոսքով՝ իրենց նպատակն է նաև ձևավորել համագործակցային մշակույթ: Պաշտպանի գրասենյակն այդ առումով, ըստ Մանասյանի, կարող է կանանց իրավունքների հարցերի լուծման համար քաղհասարակության և պետական մարմինների միջև կամուրջ դառնալ: Իսկ նիստերը կհրավիրվեն ըստ խնդիրների ծագման և ըստ անհրաժեշտության: