Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Երասխում վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը
միջին ծանրության է:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 14-ին, ՊՆ-ից
հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Երասխում կառուցվող գործարանի և քաղաքացիական նշանակության շարժական գույքի ուղղությամբ հակառակորդի կրակոցների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում
վարույթ է հարուցվել:
Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից
կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
Երեկ՝ հունիսի 13-ին, Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով
վնասվել են քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:
ՀՀ ԱԳՆ-ն
հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: