Կան կարծիքներ, թե Կառավարությունը որևէ կապ չունի Հայաստանում գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճի հետ, և որ տնտեսությունն աճել է Կառավարությունից բացարձակապես անկախ պատճառներով: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ապա պարզաբանեց, թե ինչ գործիքակազմ և դեր ունի Կառավարությունը տնտեսական աճի համատեքստում:
Ըստ նախարարի՝ առաջինը գործիքակազմը հարկաբյուջետային քաղաքականություն է, այն է՝ մի կողմից հավաքվում են հարկեր, մյուս կողմից՝ ծախսվում են այդ գումարները:
Երկրորդը գործիքակազմն այն է, որ Կառավարությունը ռազմավարական նշանակության տարբեր ոլորտներում իրականացնում է բարեփոխումներ, հանրությանը մատուցում է բազմապիսի ծառայություններ, այդ թվում՝ անվտանգային:
«Չնայած անվտանգային և լոգիստիկ խնդիրներին՝ Հայաստանը հրաշալի վայր է ապրելու և ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար: Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, ֆինանսական կայուն համակարգը, արագ զարգացող հանրային ենթակառուցվածքները և բազմաթիվ այլ գործոններ գրավիչ են դարձրել մեր երկիրը հազարավոր զբոսաշրջիկների, օտարերկրացիների, այդ թվում՝ ռուս ռելոկանտների համար»,- ասաց նա:
Նախարարը նաև հիշեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանից արտագաղթողների առաջին եռյակում է, և հռետորական հարց հնչեցրեց, թե ինչո՛ւ Ադրբեջանը չկա այդ ցուցակում:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը մրցում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ղազախստանը, ԱՄԷ-ն: