Հայ-ռուսական գիտակրթական համաժողով՝ Երևանում: Երկօրյա աշխատանքների թեմաներն առնչվում են կրթության և գիտության ոլորտներում գործակցության առաջնահերթ ուղղություններին, տնտեսության արդիականացման նպատակով նորարարության ոլորտում համատեղ ծրագրերին, Ռուսաստանում հայոց լեզվի և Հայաստանում ռուսաց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցներ բացվելու հնարավորության մասին հարցին ու դեռ ամիսներ առաջ ստեղծված աշխատանքային խմբին, ասաց, որ հեռավար ձևաչափով մի քանի հանդիպում կայացել է:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Որևէ նոր բան ասել չեմ կարող, քան այն, ինչ արդեն ասել եմ:
Նախարարը եւս մեկ անգամ ընդգծեց՝ հարցերը քննարկվում են երկու ուղղությամբ: Տարբերակներից մեկը գործակցությունն է Հայաստանի օրենսդրության շրջանակում: Օրինակը՝ հայ-չինական դպրոցը, որտեղ հիմնական առարկաները ուսուցանվում են Հայաստանի պետական լեզվով:
Ժաննա Անդրեասյան - Երկրորդ ուղղությունը ՌԴ քաղաքացիների (որոնք գտնվում են Հայաստանում) կրթական իրավունքի ապահովումն է, որը, իհարկե, նույնպես պատրաստ ենք ամեն կերպ պահել ուշադրության կենտրոնում և այդ հարցերը նույնպես կարգավորել:
Ռուսաստանի լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովն ասաց՝ կարևորում են բնագիտական կրթության և ռուսերենի ուսուցման ոլորտներում գործակցությունը: Նաև սովորողների ընդհանուր զարգացման ուղղությամբ Հայաստանի փորձն է հետաքրքրում: Եղել է Երևանում Պուշկինի անվան դպրոցում, տեղեկացել թանգարանների ցուցանմուշները դպրոցներ տանելու և աշակերտներին ներկայացնելու ծրագրի մասին: Հնարավոր է` դա կիրառեն նաև ռուսական դպրոցներում:
Սերգեյ Կրավցով (ՌԴ լուսավորության նախարար) - Հայաստանում ռուսաց լեզու դասավանդվում է 2-12-րդ դասարաններում: Մենք պատրաստ ենք ապահովել մեթոդական օգնություն, նպաստել ուսուցիչների որակավորման բարձրացմանը, նաև Ռուսաստանում բացել Հայաստանի մշակութային կենտրոններ: Մեր ռեգիոններից երեքում կան դպրոցներ, որտեղ ուսուցանվում է հայերեն: Դրանք ռուսալեզու դպրոցներ են, բայց երեխաները իրենց ընտրությամբ կարող են սովորել նաև հայերեն: Մեր օրենսդրությամբ դա հնարավոր է: Այդ պատճառով նման փոխանակումը մեզ համար կարևոր է, գլխավորը, որ դա բխի երկու երկրների շահերից:
«Գիտության, կրթության և արտադրության ինտեգրում՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը առաջին միջոցառումն է երկու երկրների առաջատար բուհերի և գիտական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված է նաև գործակցության փաստաթղթերի ստորագրում, այդ թվում ԵՊՀ-ի և Մոսկվայի պետական համալսարանի միջև:
Հեղինակ` Աննա Զախարյան