Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացնում, իսկ Եվրոպական հանձնաժողովը որևէ պատժամիջոց չի կիրառում Բաքվի դեմ՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։
Այս մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում տեղի ունեցած «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է եվրապատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ դիմելով Ժոզեպ Բորելին։
Ֆրանսուա-Քսավիե Բելամի (Եվրախորհրդարանի պատգամավոր) - Արդեն վեց ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է, և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը փաստացի շրջափակման մեջ է։ Մենք այս խորհրդարանում հստակ դատապարտել ենք այդ անհանդուրժելի իրավիճակը, բայց Եվրահանձնաժողովը լուռ է, իսկ Եվրոպական խորհուրդը հովանավորում է բանակցությունները մեղավորի և զոհի միջև։
Եվրապատգամավորը շեշտել է՝ վճռական գործողություններ է ակնկալում, որոնք կստիպեն Ադրբեջանին դադարեցնել իր անօրինական գործողությունները։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը, ի պատասխան, նշել է՝ «Անցակետի տեղադրման մասին Ադրբեջանի միակողմանի որոշումն ամբողջությամբ հակասում է վստահության կառուցման ջանքերին»: Հիշեցնելով Քիշնևում հունիսի 1-ին կայացած հնգակողմ հանդիպումը՝ Ժոզեպ Բորելը շեշտել է՝ Եվրամիությունը փորձում է կողմերի հետ լուծումներ գտնել։
Նա նաև հավելել է՝ Լաչինի միջանցքը դուրս է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման աշխարհագրական գոտուց և չի գտնվում նրանց պատասխանատվության կամ մանդատի ներքո։
Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ առաքելությունը մեր ջանքերի և խաղաղության գործընթացի շատ կարևոր մաս է։ Բայց այն բացառապես քաղաքացիական բնույթ է կրում։ Եվ մենք զգում ենք, որ այդ առաքելությունը նպաստում է սահմանամերձ տարածքներում իրավիճակի կարգավորմանը։ Բաքուն թույլ չի տվել, որ առաքելությունն Ադրբեջանի տարածքում էլ գործի: Այնպես որ, մենք անում ենք հնարավորը, ավելին անել չենք կարող:
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին՝ մենք և միջազգային հանրությունը Ադրբեջանին՝ թույլ տալ մուտք գործել ԼՂ։ Մենք չունենք համապատասխան ուժ և կարողություն՝ ավելին պահանջելու։
Բորելը հավելել է՝ եվրոպական առաքելությունը չի կարող դադարեցնել ադրբեջանական անցակետի աշխատանքը: Նրա խոսքով՝ կարգավորումը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով:
Ժոզեպ Բորել - Գուցե դուք դա չեք կարող տեսնել, բայց առաջընթաց կա։ Երկու կողմն էլ ցանկանում է շարունակել բանակցությունները։ Հույս կա, որ խնդիրն ընդհանուր առմամբ հնարավոր է լուծել։ ԵՄ առաքելությունը նպաստում է իրավիճակի կարգավորմանն իր ներկայությամբ:
Ժոզեպ Բորելը հավելել է, որ կիսում է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված բոլոր մտահոգությունները: «Վերջին 2 տարվա ընթացքում մենք նախաձեռնել ենք մի շարք մարդասիրական ծրագրեր: 17 միլիոն եվրո է ներդրվել հակամարտությունից տուժած անձանց առողջապահական, հոգեբանական աջակցության և այլ ծառայություններ տրամադրելու համար: Մենք տարածաշրջանում ականազերծում ենք իրականացնում: Նաև նոր նախագիծ ենք մեկնարկել՝ ականազերծելու հայկական տարածքները»,- մանրամասնել է եվրոպացի դիվանագետը:
Նիստի ընթացքում եվրապատգամավորներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, մտահոգություն հայտնել, որ նախկինում ստորագրված փաստաթղթերը խախտվել են, և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի նոր համաձայնագրերը։
Ժոզեպ Բորելն արձագանքել է՝ երբեմն համաձայնությունների կյանքի կոչումը հնարավոր չի լինում ապահովել։ Նա կոչ է արել լավատես լինել, քանի որ, պաշտոնյայի խոսքով, փաստաթղթերի թեկուզ մասնակի կյանքի կոչումը թույլ է տվել կանխել տարածաշրջանում նոր բախումները։ Հայ ռազմագերիների մասին հարցին էլ արձագանքելով՝ Բորելը նշել է, որ նման խնդիրները կարող են լուծվել միայն շարունակական բանակցությունների միջոցով։
ԵՄ պաշտոնյան անդրադարձել է նաև կարգավորման գործընթացին Ռուսաստանի ներգրավվածությանը և Եվրամիության հասցեին հնչող մեղադրանքներին, հայտարարել՝ ԵՄ-ն չունի թաքնված օրակարգ կամ շահ:
Ժոզեպ Բորել - Մենք միայն շահագրգռված ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմամբ։ Բայց Ռուսաստանի գործողություններն ու Ուկրաինայի դեմ հարձակումը տևական բացասական ազդեցություն են ունեցել աշխարհում և տարածաշրջանում` քաղաքական և տնտեսական առումով։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, նրանցից ռազմական աջակցություն է խնդրել անցած տարվա սեպտեմբերին, սակայն աջակցություն չի ստացել ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ՀԱՊԿ-ից։ Միաժամանակ, ԼՂ-ում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքեր: Խաղաղապահների ներկայությունն անհրաժեշտություն է։ Չեմ կարող ասել, որ դա դժվարություններ է ստեղծում կարգավորման համատեքստում։
Ժոզեպ Բորելին հարց է հղել Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդիսը. «Ադրբեջանը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, այսպիսով՝ արդյոք Բաքուն վստահելի՞ գործընկեր է: Արդյոք նրանք էթնիկ զտո՞ւմ են իրականացնում, ակնկալում եմ պատասխան՝ այո կամ ոչ»:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը պատասխանել է. «Արդյոք վստահելի գործընկեր է, թե ո՞չ... Նայած՝ որ ոլորտում»: Ժոզեպ Բորելը պնդել է՝ Ադրբեջանի հետ էներգետիկ գործակցությունը մարդու իրավունքների հաշվին չի արվում, հույս հայտնել, որ Բաքուն դրական արձագանք կտա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները չխախտելու և նրանց անվտանգությունն ապահովելու հստակ ուղերձներին: