Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում ենք, որի ուղղությամբ այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել, ինչի հետևանքով վիրավորում էին ստացել գործարանում աշխատող երկու օտարերկրյա քաղաքացիները։ Այժմ դեպքի վայրում են նաև Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության դիտորդները, գործարանի ներկայացուցիչները նրանց ծանոթացնում են իրավիճակին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, նախ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր հայկական զինված ուժերը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապա 15 րոպե անց թիրախավորել էր գործարանը: Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Արթուր Ներսիսյան («Արարատ» ԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ) - Վիրահատել ենք, բեկորները հեռացրել: Հիմա վիճակը կայուն է, երկուսինն էլ:
ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԽՈՒՃԱՊ ՉԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ. ԵՐԱՍԽԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Երեկ և այսօր Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցների հետևանքով վնասվել է մետալուրգիական գործարանն ու քաղաքացիական ավտոմեքենա: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ: Գործարանը կառուցող ընկերության ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը «Լուրերին» հայտնեց, որ բաց տարածքում շինարարական աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են: Երասխի վարչական ղեկավար Սարո Այվազյանի խոսքով՝ ադրբեջանական կրակոցները գյուղում խուճապ չեն առաջացրել:
Սարո Այվազյան (Երասխի վարչական ղեկավար) - Չկա ոչ մի վախ, գյուղացին իր բնականոն կյանքով ապրում է, իր բերքահավաքն է կազմակերպում:
Գործարանի ուղղությամբ կրակոցներից հետո, ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են նաև Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմում տուժածներ չկան: Իրավիճակը միջազգային հանրությանը ներկայացնելու համար հայկական կողմը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին վաղը հրավիրել է Երասխ, նրանք կլինեն նաև վերջին միջադեպերի էպիկենտրոն դարձած գործարանի տարածքում:
Հեղինակ` Նորայր Շողիկյան