Համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու շրջանակում՝ 2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը ներառյալ, Դատախազության կողմից համայնքային շահի պաշտպանության նպատակով հարուցվել է 235 հայց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2023 թվականի մարտի 1-ին ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական բարեփոխման արդյունքում Դատախազությունը լիազորված է համայնքային շահի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց հիման վրա օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը՝ նպատակ ունենալով դրանք վերադարձնել համայնքին:
Այս լիազորության շրջանակում, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, 2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը ներառյալ, դատարան է ներկայացրել 145 հայց, որոնցից 134-ը՝ վիճարկման, 1 հայց՝ քաղաքացիական դատավարության կարգով հարուցված, 9-ը՝ ճանաչման, 1 հայց՝ նոտարի գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ հայցերից երկուսով վարչությունը դատարանում վիճարկել է «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից՝ Տ.Պետրոսյան 44/2 հասցեից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը: Իրավունքը գրանցելու պահին տարածքը հանդիսացել է այգի, ընգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում: Բացի այդ՝ Տ.Պետրոսյան 44/2 հասցեի ընդլայնումները կատարվել են օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ:
Մյուս հայցով վիճարկել է «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման և դրանք ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարման գործընթացը:
2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը վիճարկման 7 հայց է ներկայացրել Երևան քաղաքի դատախազությունը: Դրանցից 2-ը վերաբերում են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված, օտարման ոչ ենթակա զբոսայգիների՝ Ուսանողական այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին:
Վիճարկման 1 հայց ներկայացրել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանի դատախազությունը: Դատախազությունը վիճարկում է Նոր Նորք վարչական շրջանի «Նանսենի անվան» զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարումը, որը Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
3 հայց ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը, որոնցից 2-ը՝ վիճարկման, 1-ը՝ ճանաչման:
Վիճարկման 6 հայց ներկայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը: Մասնավորապես՝ Վարչական շրջանի դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արտաշատի խճուղի 5/1 հասցեով անցնող, պետական սեփականություն հանդիսացող և վարձակալության իրավունքով «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը հանձնված, սակայն իրավունքի պետական գրանցում չստացած Նորագավիթ տանող խմելու ջրի 600 մմ տրամագծով խողովակը կրող էստակադան՝ սանիտարապահպանական գոտիով, օտարվել է «Ա-Ս ինվեստմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, թեև ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են ու մասնավորեցման ենթակա չեն:
Ճանաչման 1 հայց ներկայացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունը, 1 վիճարկման հայց՝ Արագածոտնի մարզի դատախազությունը, վիճարկման 8 հայց՝ Արարատի մարզի դատախազությունը, 7 հայց՝ Արմավիրի մարզի դատախազությունը, որոնցիցի 6-ը՝ վիճարկման, 1-ը՝ ճանաչման, վիճարկման 1 հայց՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունը, վիճարկման 3 հայց՝ Կոտայքի մարզի դատախազությունը: Վիճարկման 22 հայց ներկայացրել է Շիրակի մարզի դատախազությունը: Հայցերից մեկով Շիրակի մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող Շչորս փողոցի թիվ 2, 2/5, 2/4 հողամասերը և նույն փողոցի թիվ 2/3, 2/2 հասցեներում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասերը, որոնք «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք են, ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ և չէին կարող օտարվել:
Վիճարկման 8 հայց ներկայացրել է Լոռու մարզի դատախազությունը, 3 հայց՝ Սյունիքի մարզի դատախազությունը, վիճարկման 7 հայց ներկայացրել է Վայոց ձորի մարզի դատախազությունը, վիճարկման 5 հայց՝ Տավուշի մարզի դատախազությունը, վիճարկման 7 հայց՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը: