Իտալիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Հռոմում գտնվող Վարպետաց պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նախարարը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպել է նաև Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո դի Մոնտեկուպոյի հետ` քննարկելու հումանիտար բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հարցում Մալթայի Ուխտի սկզբունքային դիրքորոշման համար և ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև Հռոմում տեղակայված համայնքային ավանդական կառուցներում, այդ թվում` Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում և Հայ կաթողիկե քույրերի միաբանությունում։
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանում և սփյուռքում երկարամյա մարդասիրական, բարեգործական գործունեության համար և քննարկել համատեղ ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները։