Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից՝ խորհրդակցությանը մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները։
Գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարել մարզի իրավապահ գործընկերների հետ կառուցողական աշխատանքի միջոցով քրեական վարույթների քննության որակի ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:
Աննա Վարդապետյանը հանձնարարել է համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու նոր լիազորության շրջանակում ակտիվացնել ուսումնասիրություններն ու քայլեր ձեռնարկել՝ օրենքի խախտումներով օտարված հողերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մարզի դատախազին տրվել են հանձնարարականներ, սահմանվել՝ դրանց կատարման ժամկետներ: