Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարկ Լիբբին Սենատի գլխադասային հանձնաժողովում լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հնարավոր խաղաղության պայմանագրին և Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: «Կայուն և արժանապատիվ խաղաղության համար կենսական նշանակություն ունեն ինչպես տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, այնպես էլ տարածաշրջանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը»,- նշել է Լիբբին:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Լիբբին խոստացել է նոր պաշտոնում նշանակվելու դեպքում աջակցել Վաշինգտոնի ջանքերին՝ նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: Դիվանագետը նաև շեշտել է՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի դատապարտել բռնությունը և բռնության սպառնալիքները։
Մարկ Լիբբի (Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածու) - Ես գիտեմ, որ այս հանձնաժողովի շատ անդամներ մտահոգություններ ունեն Ադրբեջանի հետ կապված, ես կիսում և հասկանում եմ այդ մտահոգությունները: Կայուն և արժանապատիվ խաղաղության համար կենսական նշանակություն ունեն ինչպես տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, այնպես էլ տարածաշրջանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի և մեր եվրոպացի գործընկերների օգնությամբ կողմերն ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն:
Խաղաղության համաձայնագրի կյանքի կոչումը ավելի կխորացնի ԱՄՆ-ի և Ադրբեջանի կապը, ինչը կկայունացնի տարածաշրջանը և հետ կմղի մրցակիցներին, որոնք ձգտում են ընդլայնել ռազմավարական ազդեցությունը և օգուտ քաղել հակամարտությունից:
Մարկ Լիբբին ևս մեկ անգամ շեշտել է՝ Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն են:
Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուն նաև պատասխանել է ներկաների հարցերին և լսել նրանց նկատառումները: Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մասնավորապես, կոչ է արել Լիբբիին վճռական դիրքորոշում հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիևի հանցագործությունների հետ կապված:
Ռոբերտ Մենենդես (ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ) - Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենախնդրահարույց կետերից են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները։ Ես լրջորեն անհանգստացած եմ, որ առանց միջազգային ամուր երաշխիքների ԼՂ ժողովուրդը ծայրահեղ խոցելի կդառնա։ Ի՞նչ հնարավոր սցենարներ եք տեսնում ԼՂ ժողովրդի համար, և արդյոք կիսո՞ւմ եք իմ մտահոգությունները, որ նրանց ֆիզիկական անվտանգությունն ու իրավունքները վտանգված են:
Լիբբին արձագանքել է՝ կիսում է տարածաշրջանի իրավիճակի և ԼՂ հայության ապագայի մասով Մենենդեսի մտահոգությունները:
Մարկ Լիբբի - Պետքարտուղար Բլինքենը ջանքեր է գործադրել, փորձել պայմանավորվել և հեշտացնել կարգավորման ընթացքը: Լավ նորություն է այն, որ կողմերը շփվում են իրար հետ և լրջորեն ներգրավված են: Դա, գուցե, հեշտ չի տրվում, բայց համաձայնությունը, որին ցանկանում ենք հասնել, պետք է հասցեագրի ինքնիշխանության, տարածաշրջանի բոլոր մարդկանց իրավունքների և անվտանգության, ինչպես նաև տարածքային ամբողջականության խնդիրները:
Ինչ վերաբերում է ԼՂ-ում տիրող իրավիճակին, չեմ ուզում կանխատեսումներ անել, քանի որ այդ հարցը պետք է լուծեն կողմերը: Սակայն եթե նրանց իրավունքներն ու անվտանգությունը հաշվի չառնվեն, երկարատև կարգավորում չի լինի:
Մենենդեսը, սակայն, հակադարձել է՝ Վաշինգտոնը կարգավորման գործընթացում լուրջ դերակատարում ունի: Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման կապակցությամբ, ինչը հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել:
«Դուք այսօր հրապարակավ դատապարտո՞ւմ եք շրջափակումը և հորդորո՞ւմ եք Ալիևին ապաարգելափակել Լաչինի միջանցքը»,- դիմել է Մենենդեսը Լիբբիին։
Մարկ Լիբի - Այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը բաղկացած է երեք տարրից: Նախ՝ ԱՄՆ-ը քննադատում է ցանկացած միակողմանի գործողություն, որը սպառնում է մարդկանց անվտանգությանը, խաթարում վստահության մթնոլորտը և մեծացնում ռիսկերը։ Կարճաժամկետ հեռանկարում հարկավոր է վերահսկել իրավիճակը և շարունակել կոչերն ու ճնշումները՝ վերականգնելու քաղաքացիական և առևտրային հաղորդակցությունը։ Միջնաժամկետ հեռանկարում մենք դիտարկում ենք աջակցության հարցը։ Այդ տարածք մուտքի հնարավորություն չունենք, բայց ԱՄՆ կառավարությունը 21 միլիոն դոլար է հատկացրել հումանիտար օգնության համար։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ լուծումը խաղաղության համաձայնագիրն է, որը կապահովի տարածաշրջանում բոլորի իրավունքներն ու անվտանգությունը:
Մենենդեսն արձագանքել է Լիբբիի խոսքին. «Մինչ մենք ուղղակի հետևում ենք, մարդիկ են զոհվում»: