ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Մենք Հայաստանի կողքին ենք Ադրբեջանի հետ արդար խաղաղության հասնելու հարցում՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Կատրին Կոլոննայի խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին այդ հարցում որևէ այլ երկիր այնպիսի աջակցություն չի ցուցաբերում, ինչպիսին Ֆրանսիան, ինչի մասին վկայում են նախագահ Մակրոնի ջանքերը:
«Մենք աջակցում ենք Հայաստանին նաև տեղում՝ լարվածության նվազեցման հարցում: Ապրիլին ես անձամբ էի մեկնել Հարավային Կովկաս՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին օգնելու՝ հասնել խաղաղության համաձայնագրի»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Կատրին Կոլոննան անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ շեշտելով, որ Ֆրանսիան մեծապես աջակցել է առաքելության ստեղծմանը և այն այսօր նպաստում է իրավիճակի լիցքաթափմանը:
Հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներից Իզաբել Սանտիագոն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ բանաձև ընդունել՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Ֆրանսիան պատմական և եղբայրական կապեր ունի Հայաստանի հետ, մեր պարտքն է գործել»,- նշել է ֆրանսիացի պատգամավորը:
ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջան այցի վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել, նշել՝ այն երկու երկրի համերաշխության վերահաստատումն էր:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը ավելի բարեկեցիկ կդառնա։ Իլհամ եղբորս հետ լիարժեք համաձայնեցված և համակարգված կերպով առաջ ենք տանում այս երկխոսության գործընթացը»,- նշել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում բանակցությունների արդյունքները տեսանելի կլինեն:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ ադրբեջանական կողմի հետ հարաբերությունները զարգացնելու են բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ։
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ. ԳՅՈՒԼԵՐ
Բաքու կատարած այցի շրջանակում Թուրքիայի պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերը անդրադարձել է երկու երկրի հարաբերություններին՝ նշել, որ միասին «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակում առավել ակտիվ են գործելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում գործակցությանը՝ Գյուլերը նշել է, որ թուրքական կողմը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն տրամադրելու Բաքվին և շարունակելու ՆԱՏՕ-ի ստանդարտներով համատեղ վարժանքները:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՈՉ ՄԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՐԱՆՑԵԼ. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինը ռազմական լրագրողների և բլոգերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ եթե Ռուսաստանի սահմանամերձ շրջանները այսուհետ էլ գնդակոծվեն, Մոսկվան կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում, որպեսզի այդ երկրի տարածքից Ռուսաստանի տարածքի թիրախավորումն անհնար լինի: Նա կարծիք է հայտնել, որ ուկրաինական ուժերը հարվածում են Ռուսաստանի տարածքին՝ զինված ուժերի ուշադրությունը շեղելու համար: Պուտինը վստահեցրել է՝ Ռուսաստանում ռազմական դրություն կամ նոր զորահավաք հայտարարելու կարիք չկա: Նա հավելել է՝ ռազմական գործողության նպատակները հիմնականում չեն փոխվել, ուղղակի ըստ իրավիճակի հստակեցվում են:
Ռուսաստանի նախագահը խոսել է ուկրաինական հակահարձակման մասին, ընդգծել՝ հունիսի 4-ին մեկնարկած լայնածավալ հակահարձակումը շարունակվում է, սակայն, նրա խոսքով, ապարդյուն. «Հակառակորդը ոչ մի հատվածում հաջողություն չի գրանցել, նրանք մեծ կորուստներ են կրում»,- հավելել է Պուտինը։
Կրեմլի ղեկավարն անդրադարձել է նաև Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցմանը, ինչի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: «Պարզ է՝ ով է մեղավոր, ուկրաինական կողմն էր դրան ձգտում: Ջրհեղեղը, ցավոք, խափանեց նրանց հակահարձակումը, թեև ավելի լավ կլիներ՝ հենց այդ ուղղությամբ հարձակվեին: Քանի որ այդտեղ նրանք մեծ դժվարությունների կբախվեին»,- պնդել է Պուտինը:
Կրեմլի ղեկավարը հավելել է՝ Ուկրաինայի հակահարձակման ավարտից հետո Ռուսաստանի գործողությունները կախված կլինեն ստեղծված իրավիճակից. «Մոսկվան տարբեր ծրագրեր ունի»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել խաղաղ բանակցություններից և կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել Կիև ռազմական մատակարարումները, եթե իրոք ցանկանում են, որ հակամարտությունը կարգավորվի: