Ուկրաինան առաջխաղացում է ունեցել հակահարձակման գործողության շրջանակում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ուկրաինացիները որքան շատ տարածք կարողանան ազատագրել, այնքան ավելի ամուր դիրքեր կունենան բանակցային սեղանի շուրջ։
Ըստ Կիևի՝ վերջին օրերին ուկրաինական զորքերը ազատագրել են մոտ 100 քառակուսի կիլոմետր տարածք, այդ թվում՝ մի քանի փոքր բնակավայր։ Նշվում է, որ ռազմական գործողության տեմպերը դեռևս ցածր են, քանի որ անհրաժեշտ է հաղթահարել ուժեղ ամրացված ռուսական դիրքերը:
Ուկրաինական զինված ուժերը գործողություններ են իրականացնում մի քանի ուղղություններով: Դրանց ընթացքը բարդանում է եղանակի և Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով առաջացած աղետի պատճառով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս ուկրաինական հակահարձակումը անհաջող է որակել՝ պնդելով, որ ռուսական բանակը հաջողությամբ հետ է մղում հարձակումները, իսկ Ուկրաինայի զինված ուժերը հսկայական կորուստներ է կրում։