Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ Երևանի փոխքաղաքապետն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք թարմացնում ու նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին: Մասնավորապես անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը պատրաստ է կյանքի կոչելու բոլոր պայմանավորվածություններն ու գործնական փուլ տեղափոխել նախանշված ծրագրերը:
«Մենք պետք է հստակեցնենք ժամկետները, ծրագրերն ու ոլորտային պատասխանատուներին, որպեսզի հնարավորին կարճ ժամկետում աշխատանքային ծրագրում ներառված բոլոր նախագծերը գործնական ընթացք ստանան: Մեր երկու երկրների միջև ամրապնդվող կապերը բխում են երկու ժողովուրդների և քաղաքների շահերից, ուստի մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդ կապերն էլ ավելի ամրապնդվեն ու զարգանան»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:
Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին կարևորել է գործակցության շրջանակում ընդգրկված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը:
«Պարոն Ավինյան, դեռևս կառավարությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք ունեցել ենք ընդգրկուն քննարկումներ, և ուրախ եմ, որ այսօր էլ երկու մայրաքաղաքների մակարդակում եք Ձեր ներուժը ներդնելու:
Իրականում, կա մեծ հնարավորություն՝ գործակցությունն ընդլայնելու և անհրաժեշտ է ակտիվացնել ոչ միայն փոխայցելությունները, այլև մասնագետների փոխանակումներն ու քաղաքային տարբեր կառույցների առարկայական շփումները»,- նշել է դեսպանը:
Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն ու Երևանը՝ որպես նախընտրելի ուղղություն, և համոզմունք հայտնել, որ այս ոլորտը ևս մասնագիտական առումով պետք է ընդգրկվի գործակցության ծրագրերում:
Հանդիպման ավարտին Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին գործնական մոտեցման համար և հոջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: