Ռոման Առուստամյան (Շահումյանի շրջանի նախկին բնակիչ) - Իմ կնոջ հայրն ու մայրը այնտեղ են մնացել, սպանել են նրանց, մորս մի կերպ բերել են Ստեփանակերտ, գիշերն անտառում է անցկացրել:
Նախկին շրջկոմի նախագահը հիշում է, թե ինչպես 31 տարի առաջ իր ընտանիքը մյուս շահումյանցիների հետ բռնի տեղահանվեց իրենց հայրենիքից:
Հայաբնակ Շահումյանի շրջանը դարձել էր Խորհրդային զինված ուժերի բանակային ստորաբաժանումների, ներքին զորքերի ստորաբաժանումների և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ հատուկ նշանակության ուժերի կողմից 1991 թվականի մայիսին սկսված «Օղակ գործողության» թիրախներից մեկը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին շուրջ 20 հազար հայերի: Ավելի քան 700 մարդ սպանվեց և անհետ կորավ: Հայկական պատմական բնակավայրերը հայաթափվեց և թալանվեց, վանդալիզմի և ոչնչացման ենթարկվեցին տարածաշրջանի հայկական հոգևոր և մշակութային հուշարձանները:
Բռնի տեղահանության ժամանակ ընկած իրենց եղբայրների և քույրերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, միմյանցից փոքր հայրենիքի կարոտն առնելու համար Ռուսաստանի տարբեր շրջաններում հաստատված շահումյանցիները հավաքվել էին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում և ծաղիկներ խոնարհեցին տարիներ առաջ կանգնեցված խաչքարի մոտ:
Արթուր Ղահրամանյան (Շահումյանի շրջանի նախկին բնակիչ) - Շատ գեղատեսիլ բնություն էր, բոլոր գյուղերում հայկական դպրոցներ ենք ունեցել, ես էլ հայկական դպրոց եմ ավարտել, ինչի համար շատ հպարտ եմ: Ունեինք պահածոների գործարան, սեզոնային շրջանում 600-ից ավելի մարդ էր աշխատում: Հարուստ գյուղմթերք ունեինք: Գիպսի հանք կար, աշխատում էին մոտ 200 մարդ: Գինու գործարան ունեինք, ավտոտրանսպորտի... այստեղ մարդ չկա, որ երկու հարկանի տուն չունենար:
Ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց Շահումյանի շրջանի շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայր ունեցող տարածաշրջանը: Ականատեսների վկայությամբ՝ ադրբեջանցիները հայերի տները բաժանեցին իրար մեջ՝ իրենց անունները գրելով դարպասների վրա։ Պղծեցին եկեղեցին, խաչը պոկեցին, զանգն էլ կրակոցներով կոտրեցին, պատմում են ականատեսները։ Թողած տուն և ունեցվածք՝ շահումյանցիները սփռվեցին աշխարհով մեկ, սակայն նրանց սիրտը մնաց այնտեղ՝ փոքր հայրենիքում:
Արմեն Լալայան (Շահումյանցիների Մոսկվայի համայնքի ներկայացուցիչ) - Մոսկվայում շահումյանցիների ամենամեծ համայնքն է գործում, հաստատված են նաև Կալինինգրադում, Սարատովում, Տվերում, Տյումենում, Ռժևում: Այսօրվա միջոցառմանը ժամանել են նաև Հայաստանից: Հիմնական նպատակն է փոխանցել երիտասարդ սերնդին մեր հայրենիքի պատմությունը՝ հավատալով, որ ուշ թե շուտ մենք վերադառնալու ենք:
Շահումյանցիների դեմ կատարված հանցագործությունները «պատժիչ» գործողություն էին նրանց ազատ կամարտահայտման, սեփական հայրենիքում ինքնուրույն և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման համար:
Արթուր Ղահրամանյան - Մենք դրսում էլ շատ համախմբված ենք, չենք մոռանում մեր արմատներն ու պատմությունը և հուսով ենք, որ մի օր կվերադառնանք:
Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման բացահայտ օրինակ են, որոնց համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Շահումյանցիների կարծիքով՝ իրենց իրավունքների վերականգնման հարցը ևս պետք է ամրագրված լինի բանակցային օրակարգում:
Ազգային, կրոնական, էթնիկական պատկանելիության հիմքով Շահումյանի հայ բնակչության վտարումը այդպես էլ իր գնահատականը չի ստացել նաև միջազգային հանրության կողմից, իսկ շարունակվող անպատժելիությունը շարունակում է ծնել նոր հանցագործություններ, որոնց ականատես ենք նաև այսօր՝ Լաչինի միջանցքում և արցախա-ադրբեջանական շփման գծին: